Յուրօրինակ ուսումնասիրությունը նոր լույս է սփռել այն հարցի վրա, թե ինչպես են փոքր երեխաները սկսում հասկանալ բառերի իմաստը:
Մանչեսթերի համալսարանի գիտնականների հետազոտության արդյունքները հրապարակվել են Child Development ամսագրում։
Երեխաները սկսում են բառեր արտաբերել մոտավորապես իրենց առաջին տարեդարձի օրը և որոշ ժամանակ միայն մեկ բառ են կրկնում, թեև կյանքի երկրորդ տարում նրանք արագ լրացնում են իրենց բառապաշարը:
Սակայն հետազոտողները պարզել են, որ նրանք դա անում են ոչ թե իրենց անձնական բառապաշարում ամբողջական ձևով նոր բառեր ավելացնելով, այլ իրենց բառապաշարին ավելացնում են նոր բառ, որն ունի իրենց համար որոշակի, բայց ոչ ամբողջական նշանակություն՝ լեզուն ավելի շատ լսելուն զուգընթաց աստիճանաբար ճշտելով այն:
Ցույց տալու համար, թե ինչպես են երեխաները դա անում, գիտնականները հետազոտություն են անցկացրել Մանչեսթերի թանգարանում՝ աշխատելով երեքից ութ տարեկան երեխաների խմբի հետ: Փորձարարը սեղանի վրա 4 խորանարդիկ էր շարել կամ իրար վրա կամ իրար կողքի, այնուհետև երեխաներին խնդրել են տարբեր չափսեր նշանակող բառեր օգտագործել՝ ավելի մեծ, ավելի փոքր և ավելի բարձր տարբերակներ կառուցելու համար: Հետազոտողները համեմատել են, թե որքանով է նրանց կառուցվածքը տարբերվում փորձարարի կառուցվածքից յուրաքանչյուր չափման դեպքում՝ օգտագործելով մաթեմատիկական մոդելավորումը, որպեսզի նկարագրեն, թե ինչ փոփոխություններ են տեղի ունենում երեխաների մոտ և ինչպես են դրանք փոխվում տարիքի հետ:
Երեք և չորս տարեկան երեխաները, որպես կանոն, «ավելի մեծ» և «ավելի բարձր» հասկացողություններին միատեսակ էին վերաբերվում․ նրանք խորանադիկները կառուցում էին այնպես, որ դրանք ավելի մեծ էին լինում բոլոր ուղղություններով:
«Թերևս, երբ երեխաներն առաջին անգամ բառեր են սովորում, նրանք ընդհանուր պատկերացում են կազմում դրանց իմաստի մասին. տվյալ դեպքում, որ բառերը նշանակում են չափի փոփոխություններ, — ասել է հետազոտության համահեղինակ, Մանչեսթերի համալսարանի դասախոս, դոկտոր Ալիսա Ֆերին:- Ըստ երևույթին, հենց այդպես է լինում, երբ երեխաները կովին շուն կամ կլոր խնձոր են անվանում, նույնիսկ եթե երբեք չեն լսել, որ մեծահասակն այդպես ասի: Բայց փորձ ձեռք բերելով՝ նրանք ճշտում են բառերի իմաստը։ Մենք իսկապես կարծում ենք, որ բոլոր երեխաներն անցնում են բառերի իմաստները ճշտելու այս գործընթացով, բայց թե որ բառերն են ճշգրտվելու և երբ՝ կախված է նրանից, թե ինչ են նրանք լսում իրենց շուրջը»:
Գիտնականները նաև պարզել են, որ մոտավորապես 5 տարեկանում երեխաները, որպես կանոն, սկսում են հասկանալ, որ ավելի փոքր չափը նշանակում է, որ պետք է ավելի քիչ խորանարդիկներ օգտագործեն:
Բայց միայն յոթ տարեկանում են նրանք վերջնականորեն հասկանում, որ «ավելի բարձրը» իրականում նշանակում է «ավելի մեծ», բայց հենց «դեպի վեր» ուղղությամբ:
