Հունգարիայում կստեղծվի ՀՀ դեսպանություն, նստավայրը` Բուդապեշտ

Կառավարության որոշմամբ Հունգարիայում կստեղծվի Հայաստանի Հանրապետության դեսպանություն,  նստավայրը` Բուդապեշտ: Հիմնավորման համաձայն՝  Հայաստանի համար Հունգարիան ունի կարևոր նշանակություն՝ որպես ԵՄ անդամ երկիր։ Հայ-հունգարական համագործակցության շրջանակը ներառում է քաղաքական, առևտրատնտեսական, միջխորհրդարանական, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներ, աջակցության ծրագրերի շրջանակում իրականացվող արդյունավետ համագործակցություն, մասնագիտական հմտությունների ամրապնդման և կրթական ծրագրեր: Հայաստանն ընդգծում է Հունգարիայի հետ հարաբերությունների կարևորությունը և շարունակելու է աշխատանքներ իրականացնել Հունգարիայի կառավարության հետ՝ զարգացնելու փոխշահավետ երկկողմ համագործակցությունը և կառուցողական երկխոսությունը երկու երկրների միջև: Հայ-հունգարական համագործակցությունը զարգացման մեծ ներուժ ունի նաև ՀՀ–ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և Արևելյան գործընկերության շրջանակներում: Ըստ հիմնավորման՝ երկկողմ հարաբերություններում կարևոր դերակատարություն ունի նաև Հունգարիայի հայ համայնքը:

Կիսվել սոց․ ցանցերում