Ոչ մի հաշվարկ չկա, բայց հարկ են բարձրացնում

 

Կառավարությունը, ինչպես հայտնի է, նոր գլխացավ է բերել տնտեսվարողների գլխին։ Շրջանառվում է մի օրինագիծ, որով իրավաբանների եւ հաշվապահների կողմից մատուցվող ծառայությունները շրջանառության հարկով հարկման ռեժիմից տեղափոխվում են հարկման ընդհանուր համակարգ։ Այսինքն՝ եթե նախկինում վճարում էին իրենց եկամուտների 5 տոկոսը, ապա նոր օրենքով 20 տոկոս եւ ավելի վճարվելու է որպես հարկ։ Կառավարությունը որպես նպատակ հայտարարում է հավասար հնարավորությունների ստեղծումը, ծառայությունների դուրսբերումը ստվերից, իրականում ակնհայտ է, որ հիմնական միտումը ֆիսկալ էֆեկտն է, այսինքն՝ փող հավաքելը, եւ որքան շատ, այնքան լավ։ Նույնիսկ կա հաշվարկ, որ այս փոփոխության արդյունքում բյուջեի եկամուտները կավելանան 13 մլրդ-ով։Օրինագիծն ԱԺ-ում քննարկվել է նոյեմբերի 19-ին, եւ քանի որ դժգոհությունները շատ էին, գործարարներին խոստացել են, որ այն կդրվի համատեղ քննարկման եւ փոփոխությունների կենթարկվի: Եվ անցած շաբաթվա վերջում նման մի համատեղ քննարկում կայացավ։ ՓՄՁ-ները միավորող մի քանի հասարակական կազմակերպություն օրենքն առաջ բրթողների հետ էր հանդիպում՝ «Էլիտ պլազայում»։ Գործարարները ներկայանալի կազմ էին հրավիրել՝ փոխվարչապետ, էկոնոմիկայի նախարար, ՊԵԿ նախագահ, սակայն վերջիններս չէին ներկայացել։ Ամենատեսանելի ֆիգուրը ՔՊ-ական պատգամավոր, ԱԺ տնտեսական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն էր, իսկ ամենաբարձրաստիճան պաշտոնյան՝ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը։ Մնացյալը միջին չինովնիկներ էին՝ էկոնոմիկայի նախարարությունից։

ԱԺ քննարկման ժամանակ խոստացել էին, որ կփոխեն օրինագիծը, դուք քննարկումից հետո ունե՞ք տպավորություն, որ կփոխեն հօգուտ գործարարների՝ հարցրինք «Հայաստանի ֆինանսիստների ասոցիացիա» ՀԿ ղեկավար, տնտեսագետ Սողոմոն Միրզոյանին, որը ներկա է եղել հանդիպմանը։ «Այս պահին դա անորոշ է։ Խոսքը վերաբերում էր հիմնականում այն ծառայություններին, որոնց հարկման ռեժիմը կպահպանվի, բայց՝ վերապահումներով։ Բացի իրավաբաններից, հաշվապահներից եւ ֆինանսական խորհրդատվություններից, մնացածին կթողնեն շրջհարկի դաշտում, բայց սա դեռ խոսակցություն է, դեռ չկա նույնիսկ նախնական փաստաթուղթ»։

Մյուսները դիզայներներն են, մարքեթինգային, ճարտարապետական կազմակերպություններ, որոնք հնարավոր է՝ պահպանվեն դաշտում, սակայն եթե սրանք աշխատեն խոշորների հետ, ապա վերջիններս չեն կարող այս կատեգորիաների դուրս գրած հաշիվները ծախս ճանաչել։ «Բայց այս երեքի մասով՝ իրավաբանների, հաշվապահների եւ ֆինանսական խորհրդատվությունների ծառայություններին, այնուամենայնիվ, ուզում են տանել ընդհանուր հարկման համակարգ, թեեւ ասացին, որ մի անգամ էլ կքննարկեն»,- ասում է Միրզոյանը:
Մի անգամ էլ «կառուցողական» քննարկում անելու պատճառն այն է, որ հանդիպման ժամանակ հնչել են հարցեր, որոնց պատասխանները կառավարությունը չունի։

Օրինակ՝ էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչը չի կարողացել ասել, թե արդյոք ունե՞ն վերլուծություն այն 15 հազար կազմակերպությունների ֆինանսական ցուցանիշների մասով, որոնց, իրենց ասելով, վերաբերելու է այս փոփոխությունը, թե արդյոք նրանց հարկային բեռը որեւէ ազդեցություն ունենալո՞ւ է նրանց շահույթի եւ շահութաբերության վրա։ «Արդյոք դրանց մի մասը կսկսի վնասո՞վ աշխատել, թե՞ ոչ, արդյոք դա իր հետեւանքները կունենա՞ ընդհանուր մակրոտնտեսական գնահատականների վրա, կամ ի՞նչ ռիսկեր կարող են առաջանալ այս կազմակերպություններում, եւ, առհասարակ, տնտեսության վրա դրանց ազդեցություններն ուսումնասիրվե՞լ են, հաշվարկվե՞լ են, թե՞ ոչ։ Էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչներն ինձ ասացին` ոչ, չունենք պատասխան»։
Խոսվում է, որ ծառայություններ մատուցողներից ավելի շատ հարկ հավաքելու արդյունքում 13 մլրդ եկամուտ կունենա բյուջեն, սա իրատեսակա՞ն է։ «Բայց եթե այդ կազմակերպությունների մի մասը փակվի, արդյո՞ք այդ 13 մլրդ-ն իրենք կկարողանան հավաքել: Եթե բարձրացվեն ծառայությունների արժեքները, դա ի՞նչ հետեւանքներ կթողնի մյուս գործընկերների եւ, ի վերջո, վերջնական սպառողի վրա, արդյոք հաշվարկվա՞ծ է»:

Օրինագիծն ուժի մեջ է մտնելու 2025 թվականի հուլիսից։ ՀԿ-ների կողմից առաջարկ է եղել՝ հետաձգելու օրինագծի ժամկետը մինչեւ 2026 թվականը։ Հիշեցնենք․ փաստաբանական ծառայությունները թանկանալու են արդեն այս տարվա հունվարի 1-ից։ Շրջանառության հարկն էլ 5 տոկոսից ՓՄՁ-ների համար դառնալու է 10 տոկոս:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/a1dcd2eb9bd199e39019d67971c0d1c5?fbclid=IwZXh0bgNhZW0CMTAAAR2Kil3hqUCzNOSgJzi5cG-bdvLEcIZVlkJFKNEES10IYxmsHNelavNazSE_aem_xManrcAfkWq6llQHZs0YTQ

 

Կիսվել սոց․ ցանցերում