Հարավային Կորեայի խորհրդարանը չեղարկել է ռազմական դրությունը։ Տեղեկությունը հայտնում են տելեգրամյան մի շարք ալիքներ՝ հղում անելով հարավկորեական լրատվամիջոցներին։
Նշվում է, որ պատգամավորները կարողացել են խորհրդարան մտնել, թեև զինվորականները փորձել են խանգարել նրանց:
Կորեայի Դեմոկրատական կուսակցությունը խորհրդարանում մեծամասնություն է և իրավական առումով կարող է չեղարկել ռազմական դրություն մտցնելու մասին պետության ղեկավարի որոշումը։
Ավելի վաղ Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլը հայտարարել էր, որ երկրում ռազմական դրություն է մտցնում հյուսիսկորեամետ ուժերին արմատախիլ անելու նպատակով: Դրանից հետո երկրի ՊՆ-ն հայտնեց, որ ԶՈւ առանցքային հրամանատարների խորհրդակցություն է անցկացվել, և զինված ուժերին պատրաստվածության ուժեղացման վերաբերյալ ցուցումներ են տրվել:
Սպասվում է, որ Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլին կձերբակալեն ու իմպիչմենտի կենթարկեն, գրում են արտասահմանյան լրատվամիջոցները։
Այն բանից հետո, երբ Հարավային Կորեայի խորհրդարանն ընդունեց ռազմական դրությունը վերացնելու մասին որոշումը, զինվորականները սկսեցին լքել Ազգային ժողովի շենքը։ Մինչ այս այն արգելափակված էր օրենսդիրների և քաղաքացիների համար։
Չնայած դրան, Սեուլում խորհրդարանի շենքի մոտ հավաքվում է մարդկանց բազմություն՝ պահանջելով գործող նախագահի հրաժարականը։
«Բոլոր զինվորները, ովքեր կշարունակեն պահպանել ռազմական դրության որոշումը, կդատվեն պետական դավաճանության համար»,- ասել է Հարավային Կորեայի խորհրդարանի նախագահը։
