ՀՀ գլխավոր դատախազությունն ընթացք է տվել Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանի հանցագործության մասին հաղորդմանը։ Այս մասին Panorama.am-ը տեղեկացավ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:
«Գլխավոր դատախազությունը ստացել է հաղորդումը, օրենքով սահմանված կարգով ընթացք է տրվել»,- ասացին գլխավոր դատախազությունից։
Հիշեցնենք, որ նախօրեին «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի աշխատակիցներ ավտոբուսի վարորդները գործադուլ էին արել, դուրս չէին եկել երթուղիներ։ Վարորդները բողոքում էին իրենց աշխատանքային պայմաններից ու աշխատավարձային քաղաքականությունից: Քաղաքապետարանից հայտարարել էին, որ գործադուլի պատճառով 32 վարորդ ազատվել է աշխատանքից։
Ասուլիում Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը հայտնել էր, որ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել դատախազություն. «Կարծում եմ, որ նման գործընթաց կազմակերպելը և դրանում ակտիվ ներգրավվելը նախապես նախնական համաձայնության տարրեր կարող են պարունակել։ Հայաստանի գլխավոր դատախազին համապատասխան հաղորդում եմ ներկայացրել հանցագործության մասին, որպեսզի նախաքննություն իրականացվի և պարզվի՝ արդյո՞ք մենք այստեղ գործ ունենք պարզապես աշխատանքային պարտականությունների չկատարման հետ, որը առաջացնում է օբյեկտիվորեն որոշակի ծանր հետևանքներ, թե՞ մենք այստեղ առանձին անձանց մասով գործ ունենք մի երևույթի հետ, որ իրենց հակաօրինական վարքագիծը հատել է ոչ միայն աշխատանքային օրենսդրությամբ իրենց պարտականությունների սահմանը, այլ նաև քրեական օրենսդրության սահմանը»։