Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին վրացական «Առաջին ալիքի» հետ հարցազրույցում խոսել է երկրի խորհրդարանական ընտրությունների ընտրախախումները մեկնաբանելիս իր կողմից «հայկական կարուսել» ձևակերպումն օգտագործելու մասին:
«Ուզում եմ դիմել հայկական ծագում ունեցող քաղաքացիներին և մեր հարևան հայերին, որոնց շրջանում ևս առկա է ռուսական քարոզչությունը, իմ ասած «հայկական կարուսելը» որևէ էթնիկ նշանակություն չունի։
Սա այն եզրույթն է, որը ես լսել եմ, երբ առաջին անգամ Շևարնաձեի ղեկավարման ժամանակ եկա Վրաստան։ Այն գործածվել է նաև Սաակաշվիլիի օրոք։ Եթե ես չեմ սխալվում, Հայաստանում էլ այն կոչում են «վրացական կարուսել»։ Սրանում էթնիկ հարց չկա»,- հայտարարել է Զուրաբիշվիլին։
Հիշեցնենք՝ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Associated Press-ին տված հարցազրույցում ավելի վաղհայտարարել էր, թե Վրաստանի ընտրություններում օգտագործվել է «հայկական կարուսել»։
Ըստ նրա՝ սա նշանակում է, որ ընտրություններից որոշ ժամանակ առաջ սոցիալապես անապահով մարդկանցից, բանտարկյալների ընտանիքներից տարբեր պատրվակներով վերցնում են ինքնության վկայականներ՝ անձնագրերը, իսկ հետո դրանք օգտագործվում են քվեարկության համար։
«Մեկ ID-ով և տարբեր էլեկտրոնային սարքերով դա հնարավոր է եղել անել նույնիսկ 17 անգամ։ Նրանց տրամադրության տակ եղել են անձը հաստատող մեծ թվով փաստաթղթեր, անձնական համարներ»,- հայտարարել էր Զուրաբիշվիլին՝ նկատի ունենալով հղափոխությունից առաջ Հայաստանում տեղի ունեցած ընտրությունների ժամանակ եղած լցոնումներն ու կեղծիքները:
