Ծանոթ ու անծանոթ Զահրատը

 

 

Պոլսահայ բանաստեղծ Զահրատի 100-ամյակի առթիվ Երեւանի Հայ արտ մշակութային կենտրոնում դեկտեմբերի 6-ին բացվեց  Լեւոն Գյուլխասյանի գծանկարների ցուցահանդեսը:

« Երեւանի քաղաքապետարանի նախաձեռնությունն է,  բոլոր հայտնի մարդկանց հոբելյանները նշում են, մենք էլ  («Ֆակտում »  փաստագրական կենտրոնը) դիմեցինք, որ ցուցահանդես բացենք, ընդառաջեցին, ֆինանսավորեցին: Գաղափարը հետեւյալն էր` ներկայացնել Զահրատի բանաստեղծությունները, որ մարդիկ գան ցուցահանդես, կարդան, նաեւ` գրաֆիկական լուծումներ տանք: Լեւոն Գյուլխասյանը գծանկարներն արեց, Գրականության եւ արվեստի թանգարանը ձեռագրեր տրամադրեց, գրքի շապիկներ, եւ  ցուցահանդեսը բացեցինք »,- lragrogh.com-ի հետ զրույցում նշեց հրապարակախոս  Տիգրան Պասկեւիչյանը:

Հոկտեմբերի վերջին Տիգրան Պասկեւիչյանը եղել է Ստամբուլում: Այնտեղ նա հանդիպել է հայ նկարիչ  Օհաննես Շաշքալին, որը հրատարակել է Զահրատի գիրքը` հայերեն եւ թուրքերեն:  Շաշքալն օգնել է Պասկեւիչյանին, լուսանկարներ տրամադրել: Նա  ծանոթացել  է նաեւ  Զահրատի երկհատորյակի խմբագրի` Արտաշես Մարկոսյանի հետ:

Պոլսի  «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանը հիշում է, որ Զահրատի  առաջին բանաստեղծությունը տպագրել է «Ժամանակ» օրաթերթը:

« Զահրատը այն բանաստեղծն է, որի թողած ավանդը կարողանում է նոր ժամանակների մեջ թարմանալ եւ նոր ժամանակների մեջ մարդկանց նոր ներշնչանքի, նոր մտահղացումների առիթ դառնալ: Ներկա ժամանակաշրջանին, երբ մարդկությունը գրավոր մշակույթից հետզհետե հեռանում է, պատկերավոր ասած, շարքային տառաճանաչ մարդ Զահրատի խաթեր կարող է բանաստեղծության հետ շփումը հանձն առնել:   Զահրատը ընթերցողի ներաշխարհի ներթափանցելու կարողության եւ վկայության մասին բավարար վկայություն է »,- մեզ հետ զրույցում ասաց Արա Գոչունյանը:

Չնայած Զահրատից մի քանի գրքեր են հրատարակվել տարբեր տարիներին, սակայն նրան ոչ բոլոր հայ ընթերցողներն են ծանոթ:

Ներաշխարհ

Չոր հացը բաժակ մը թէյի մեջ

թրջելու պես

Իր հոգերը կը թաթխէ

իր ներաշխարհին

Հոն ամէն ինչ գունագեղ է-համով-

Հոն հոգը կը դադրի հոգ ըլլալէ

ցաւը ցաւ ըլլալէ

-Ինքը բարի բարի կը ժպտի աշխարհին-

Իր չոր հացը կը համովնայ

բաժակ մը թէյին մեջ

Թագուհի Հակոբյան

Կիսվել սոց․ ցանցերում