ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը ժամանել է Փարիզ՝ մասնակցելու Աստվածամոր տաճարի բացման արարողությանը, որն ամբողջությամբ վերականգնվել է 2019 թվականի հրդեհից հինգ տարի անց, հայտնում է BFM TV-ն։
Թրամփը Նյու Յորքից թռել է մասնավոր ինքնաթիռով, նշել է հեռուստաալիքը։ Հետո նրա ավտոշարասյունը գնացել է Փարիզում ամերիկյան դեսպանատուն։ Շաբաթ օրը՝ դեկտեմբերի 7-ի կեսօրին, Թրամփը Ելիսեյան պալատում բանակցություններ կվարի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։
Ավելի վաղ AFP-ն, վկայակոչելով ուկրաինացի բարձրաստիճան պաշտոնյային, հայտնել էր, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կարող է դեկտեմբերի 7-ին Փարիզում հանդիպել Թրամփի հետ՝ Աստվածամոր տաճարի բացման արարողության շրջանակներում։
Le Parisien-ի փոխանցմամբ՝ արարողությանը ներկա կլինեն ԱՄՆ ներկայիս առաջին տիկին Ջիլ Բայդենը, Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլան եւ Հունաստանի նախագահ Կատերինա Սակելարոպուլուն։ Հռոմի Ֆրանցիսկոս պապը, Բրիտանիայի և Իսպանիայի թագավորներ Չարլզ III-ը և Ֆիլիպ VI-ը ձեռնպահ են մնացել արարողությանը մասնակցելուց։
Նոտր Դամը հրդեհվել էր 2019 թվականի ապրիլի 15-ին։ 12 ժամից ավելի կրակը չի հաջողվել մարել։ Արդյունքում փլուզվել է դիմամասը և տաճարի տանիքի մեկ երրորդը։ Դատախազությունը կարծում է, որ հրդեհի պատճառը կարող էր լինել էլեկտրականության անսարքությունը կամ չմարած ծխախոտը։ 2024 թվականի նոյեմբերի սկզբին Նոտր Դամում հրդեհից հետո առաջին անգամ զանգեր են հնչել։
Ինչպես նշել է Le Figaro-ն, Մակրոնը միջոցառմանը հրավիրել է բազմաթիվ համաշխարհային քաղաքական և հասարակական գործիչների, ինչպիսիք են Ուելսի արքայազն Ուիլյամը, Գերմանիայի, Լեհաստանի և Վրաստանի նախագահները։ Ընդհանուր առմամբ սպասվում է մոտ 1500 մարդ, այդ թվում՝ պատվիրակությունների անդամներ։
Canard Enchaine-ը գրել է, որ արարողությանը հրավիրվել են 160 պետությունների և կառավարությունների ղեկավարներ։
