Քննարկվել է Երևանում IUCN-ի գրասենյակ հիմնելու հնարավորությունը

Հայաստանի բնապահպանական ծրագրերի համար միջազգային ֆինանսավորման ներգրավում և Երևանում IUCN-ի գրասենյակի հիմնում։

COP17-ի շրջանակում COP 17-ի նախագահ, շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Բնության պահպանության միջազգային միության (IUCN) գլխավոր տնօրեն Գրեթել Ագիլարի հետ։

Քննարկվել են Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի ֆինանսավորման իններորդ շրջափուլի՝ GEF-9-ի շրջանակում համատեղ ծրագրերի մշակման և իրականացման հնարավորությունները՝ Հայաստանի առաջնահերթություններին համապատասխան ֆինանսավորում ներգրավելու նպատակով։

Անդրադարձել է եղել նաև Երևանում IUCN-ի գրասենյակ հիմնելու հնարավորությանը և այդ ուղղությամբ անհրաժեշտ նախապատրաստական քայլերին։ Կառույցի երկարաժամկետ ներկայությունը կարող է նոր հնարավորություններ ստեղծել Հայաստանում և տարածաշրջանում բնապահպանական ծրագրերի իրականացման, մասնագիտական փորձի փոխանակման և միջազգային աջակցության ներգրավման համար։

Նախարարը ներկայացրել է Հայաստանում IUCN-ի Բնության պահպանության համաշխարհային կոնգրեսը հյուրընկալելու մեր հետաքրքրությունը։ Այս համատեքստում անդրադարձ է կատարվել ընդունող երկրին ներկայացվող պահանջների և Հայաստանի հնարավոր թեկնածության ուսումնասիրմանը։

«Մեր նպատակն է COP17-ի շրջանակում զարգացող համագործակցությունը վերածել տևական գործընկերության՝ Հայաստանի բնության պահպանության համար ապահովելով գործնական արդյունքներ»,- նշել է Համբարձում Մաթևոսյանը։

Կիսվել սոց․ ցանցերում