Արգելոցապարկային համալիրի տիրապետմանն է վերադարձվել Ջրվեժ համայնքում գտնվող հողատարածքը

«Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի տիրապետմանն է վերադարձվել Ջրվեժ համայնքում գտնվող 5000 քմ մակերեսով հողատարածքը։

«Կոտայքի մարզի դատախազության հայցը Հակակոռուպցիոն դատարանի 2026 թվականի օգոստոսի 21-ի վճռով բավարարվել է:

Դատախազությունը պահանջել էր լուծել (դադարեցնել) Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության (ներկայում՝ Շրջակա միջավայրի նախարարության) «Արգելոցապարկային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության և ՍՊ ընկերության միջև կնքված, Ջրվեժ համայնքում գտնվող 5000 քմ մակերեսով հողամասի վարձակալության պայմանագիրը պայմանագրով սահմանված պահանջները խախտելու հիմքով։

Օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա 2026 թվականի հոկտեմբերի 19-ին Կադաստրի կոմիտեում կատարվել է վարձակալության իրավունքի դադարեցում. հողատարածքը վերադարձվել է «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի տիրապետմանը:

Օրինական ուժի մեջ մտած վճռի համաձայն՝ հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի նաև 6 մլն 417 հազար 394 դրամ՝ որպես ՍՊ ընկերության պարտավորության (վարձավճարի) ընդհանուր գումար»,- ասվում է դատախազության հաղորդագրության մեջ:

Կիսվել սոց․ ցանցերում