Պետք է կերպափոխվի ոչ միայն բшնակը, այլև հանրության վերաբերմունքը դրա նկատմամբ. վարչապետ

Կառավարությունը հերթական նիստում հավանություն տվեց նախագծի, որով սահմանվում են փոփոխություններ զինծառայողի պիտանելիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկում։

Ներկայացնելով նախագիծը՝ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ասաց․ «Նախատեսվում է քաղաքացու կամ զինծառայողի պիտանելիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկում մի շարք հիվանդությունների արտահայտման վիճակները մեկ անգամ տրված տարկետման ժամկետի ավարտից և առողջապահական վիճակի վատթարացում չարձանագրումից հետո ճանաչել զինվորական ծառայության համար սահմանափակումով պիտանի»։

Անդրադառնալով հարցին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ վերջերս անվտանգության խորհրդի նիստում քննարկել և հավանություն են տվել բանակի կերպափոխման հայեցակարգին, և կարծում է, որ ընդհանուր առմամբ պետք է կերպափոխվի ոչ միայն բանակը, այլև հանրության վերաբերմունքը բանակի նկատմամբ, չնայած, ըստ վարչապետի, թվում է, թե ավելի լավ վերաբերմունք ինչպես կարելի է ունենալ բանակի նկատմամբ, քան կա։

«Բայց այստեղ էլ սա այն դեպքն է, երբ խոսույթը իրականությունից, ցավոք, շատ դեպքերում կտրված է և տարբերակված, և կարծում եմ, որ բանակի ընկալումը ընդհանուր առմամբ պետք է կերպափոխվի, և բանակը պետք է հստակ մեր քաղաքական և ռազմավարական ընկալումների շրջանակում տեղավորվի, այդ թվում՝ տարածաշրջանային իրադրության և խաղաղության օրակարգի տրամաբանության մեջ։ Այդ համատեքստում մենք հստակ ասել ենք, որ ՀՀ միակ խնդիրը միջազգայնորեն ճանաչված տարածքային ամբողջականության պահպանումն է»,- նկատեց վարչապետը։

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

 

Կիսվել սոց․ ցանցերում