«Կինոմոսկվա»-ում կայացավ «Oke» նախագծի «Ամանորյա գաղտնիք» ֆիլմի պրեմիերան. կարմիր գորգն ու գլխավոր հերոսները

«Oke» նախագիծն անսպասելի սիրվեց ու բավական բարձր վարկանիշ գրանցեց, իսկ ստեղծագործական թիմը որոշեց ստեղծել նաև ամանորյա ֆիլմ: 1 ու կես ամիս ամբողջ թիմը ջանք ու եռանդ չխնայեց, որ «Ամանորյա գաղտնիք»-ը կայանա ու սիրվի ոչ պակաս, քան սերիալը:

Երեկ՝ դեկտեմբերի 19-ին, «Կինոմոսկվա»-ում կայացավ ֆիլմի պրեմիերան: Սոնա Եսայանը, Մկո Քեբաբչյանը, Անգելինա Աստանյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Էլեն Պետրոսյանը, Արսեն Ներսիսյանը, Էլեն Ալավերդյանը, Աննա Մանուչարյանը, Գրիգ Գևորգյանը «Oke»-ի գլխավոր հերոսներն են: 

Սցենարի հեղինակը Անի Մաղաքյանն է, ռեժիսորը՝ Հովհաննես Ղազարյանը, բեմադրող օպերատորը Արմեն Գևորգյանն է, պրոդյուսերները Սոնան և Գրիգն են:

Tert.am Life ներկա է եղել ֆիլմի պրեմիերային, դրան նախորդող կարմիր գորգի արարողությանն ու զրուցել ֆիլմի հերոսների հետ:

«Շատ փայլուն անձնակազմի հետ ենք աշխատել ու դրա համար մենակ հաճույք է եղել աշխատելը։ Դժվար պահեր գրեթե չեն եղել, բացի դրսի նկարահանումների հատվածից: Սաստիկ ցուրտ պայմաններում ենք իրականացրել նկարահանումները, ու հատկապես աղջիկների համար շատ դժվար էր, երբ իրենց հագուստները այդքան էլ տաք չէին»,- մեզ հետ զրույցում պատմեց Գրիգը:

Սոնա Եսայանը նշեց, որ նախագիծն ի սկզբանե պարողներին աջակցելու, նրանց մասին շատ խոսելու համար էր, քանի որ Հայաստանում նման մասշտաբային ու նման ֆորմատով նախագիծ չի եղել:

«Թե՛ սերիալում, թե՛ ֆիլմում պարողները միշտ շքեղացնում ու սիրունացնում են տեսահոլովակները, մյուզիքլները, ներկայացումներն ու ֆիլմերը, բայց որպես կանոն պարողների մասին քիչ է խոսվում:

Ես կարծում եմ, որ պարողն արժանի է, որ ինչպես մեր երգիչ-երգչուհիներին են ճանաչում անուն-ազգանունով, այդպես էլ պարողներին կարելի է ճանաչել ու կոտրել կարծրատիպերը: Պարողի աշխատանքն արժանի է գնահատանքի»,- ասաց Սոնա Եսայանը:

Սոնայի խոսքով՝ սցենարը գրել է Անի Մաղաքյանը, բայց Գրիգը հումորային մասով շատ մեծ ներդրում ունի, բացի հրաշալի դրամատիկ գծից կա շատ լավ համեմված հումոր. «Գրիգը կարողացել է ճիշտ լրացնել Անիի մտքերը»,- հավելեց Սոնան։

«Ամանորյա գաղտնիք» ֆիլմը բոլոր տարիքային խմբերի համար է:

Սոնայի խոսքով՝ այն շատ թեթև ու ընտանեկան դիտման համար ֆիլմ է:

«Ֆիլմում ևս մեկ անգամ խոսվում է Ամանորի ամենակարևոր երևույթի մասին, ըստ իս՝ ամենակարևորը դա ընտանիքն է, ու ընտանիքի   գաղափարը շատ լավ է ներկայացված ֆիլմում: Վստահ եմ, որ շատերի ընտանիքների համար կդառնա շատ սիրելի ֆիլմ։ Բացի այդ, նաև իրական ընկերությունը քարոզող բան կա մեր ֆիլմում»,- նշեց Սոնա Եսայանը:

«Ես ֆիլմում մարմնավորում եմ ամենապայծառ կերպարներից մեկին՝ Իզային: Կերպարս փոփոխությունների չի ենթարկվել, ես միշտ վարդագույն եմ, միշտ կրում եմ մազակալներ, որոնք իմ ձեռքով եմ պատրաստում»,- պատմեց պարուհի Էլեն Պետրոսյանն, ով առաջին անգամ է հանդես գալիս որպես դերասանուհի:

«Քանի որ սերիալի վարկանիշը շատ բարձր էր ու մարդիկ սիրեցին այն, որոշեցինք ֆիլմ ստեղծել երկրպագուների համար: Այն առանձին պատմություն է, ու հետաքրքիր կլինի նույնիսկ այն մարդուն, ով սերիալը չի նայել: Հուզիչ ու տեղ-տեղ հումորային ֆիլմ է ստացվել: Բազում չքնած գիշերների արդյունք է այս ամենը: Բոլորս կարծես 1 օրգանիզմ լինեինք, մենք մեր ամբողջ էներգիան ներդրել ենք 1 ամիս, որ ֆիլմը սերիալից մի քիչ տարբերվի ու նոր տարվա գիշերը ընտանիքով նայելու ֆիլմ լինի»,-  Tert.am Life-ի հետ զրույցում նշեց ռեժիսոր Հովհաննես Ղազարյանը:

Նրա խոսքով՝ ֆիլմի հիմնական ուղերձն այն է, որ եթե կա ամուր ընկերություն, ցանկացած քաոսային իրավիճակից դուրս գալու ելք կգտնվի:

Դերասան Մկրտիչ Քեբաբչյանը նշեց, որ բավական ծանրաբեռնված են աշխատել:

«Այն նախագծերից է, որ ոչինչ չենք խնայել ու ստացել ենք այնպես, ինչպես մենք էինք պատկերացնում: Նկարահանման հրապարակում միշտ ջերմություն ու ծիծաղ է եղել»,- նշեց դերասանը:

Դերասան Ալեքսանդր Արզումանյանն, ում կերպարը սերիալում բավական սիրվել է, նշեց, որ կերպարային փոփոխություններ գրեթե չկան:

«Իմ կերպարը որպես այդպիսին փոփոխության ենթարկվել է միայն հուդի հագնելու առումով։ Ավելի տաք է հագնվել  ու ավելի ուշադիր է դարձել ստուդիայի երեխաների նկատմամբ: Վստահ եմ, որ  բոլորը հաճույք են ստանալու այս ֆիլմից: Տարբերվող, գունավոր, ուղղակի հրաշք ֆիլմ է ստացվել: Շատ եմ սիրում կերպարս ու այս նախագծում ինձ իրոք լիարժեք եմ զգում ամեն առումով»,- ամփոփեց Ալեքսանդր Արզումանյանը:

Հեղինակ՝ Անի Մնացականյան

Լուսանկարները՝ Վերոնիկա Բադալյանի

Կիսվել սոց․ ցանցերում