Ինչու են Սյունիքում ձերբակալվել Միկա Բադալյանն ու ևս 6 անձ. մանրամասներ

ԱԱԾ ծառայողների իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների, համալիր քննչական գործողությունների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել հանցավոր գործունեության շղթայում ներգրավված 7 անձի վերաբերյալ, որոնց, առերևույթ հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով, 2023թ. սեպտեմբերի 6-ին և 7-ին ՀՀ ԱԱԾ աշխատակիցները ձերբակալվել և ներկայացրել են վարույթն իրականացնող մարմին, որոնցից երկուսը՝ հրազեն ու ռազմամթերք ապօրինի կերպով իրացնելու պահին:

Վարույթն իրականացնող մարմինը որոշումներ է կայացրել վերը նշված անձանց ձերբակալելու մասին:

Ավելի վաղ ՔԿ նախագահի խորհրդական Գոռ Աբրահամյանը տեղեկացրել էր, որ ձերբակալվածների թվում են նաև Միկա Բադալյանը և Աշոտ Գևորգյանը։

Նախաքննության ընթացքում կատարվել են դեպքի վայրի զննություն, հարցաքննություններ, բնակարանների և տրանսպորտային միջոցի խուզարկություններ, որի արդյունքում առգրավվել են «AK» տեսակի ինքնաձիգ, մարտական փամփուշտներ, նռնակներ, նռնակի պայթուցիչներ, ատրճանակներ, սվին դանակներ, տարբեր տեսակի ու ռազմական նշանակության գույք, կանեփ տեսակի բույսի թփեր։

Նշանակվել են դատաձգաբանական և դատաքիմիական փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհետաձգելի միջոցառումներ՝ զենք-զինամթերքի ձեռք բերման աղբյուրը, նպատակները պարզելու, նշված անձանց գործողություններին իրավական գնահատական տալու ուղղությամբ:

Կիսվել սոց․ ցանցերում