Պարեն արտադրողը պետք է լինի պետության հոգածության տակ. Արմավիրի մարզի հողագործներ

Օրերս էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսության ոլորտի մասնագետներն Արմավիրի մարզի տնտեսվարողներին ներկայացրել են գյուղատնտեսական պետական աջակցության ծրագրերը և առաջարկել օգտվել դրանցից: Գյուղատնտեսական աջակցության ծրագրերը ներկայացված են էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքէջում և «Իրազեկում» հարթակում:

Արմավիրի մարզի հողօգտագործողները հիասթաված են հող մշակելուց, բացատրում են՝ շուկան չի կառավարվում և չի  վերահսկվում, գյուղացուն էլ միայն չարչարանքն է մնում: Սակայն հող մշակողները չեն ցանկանում թողնել հողագործությունն ու այլ աշխատանքի անցնել: Բերքաշատ գյուղից Սամվել Մաթևոսյանը խոշոր հողատեր է,  մի քանի գյուղերում շուրջ 100 հեկտար հող է մշակում:

«Այս տարի ես 20 հա ձմերուկը թափել եմ, չեմ հավաքել, քանի որ գինը 30 դրամ էր դարձել: Շատ լավ բերք  էի ստացել, 600 տոննայից 100 տոննան եմ հավաքել, տվել եմ անհատներին, տարել են շուկա, 30 դրամով վաճառել են: Ընդհանուր բերքը չեմ հավաքել, թողել եմ հողի մեջ, անասուններն են կերել»:

Սամվելն այդ քայլին է գնացել՝ խուսափելով ավելորդ ծախսերից:  Շուկայի լճացման հետևանքով անտեղի ժամանակի կորուստ են ունեցել. մի օրվա փոխարեն բերքը շուկայում վաճառվել է 3-4 օրվա ընթացքում, գինն էլ ինքնարժեքից ցածր է եղել: Սամվել Մաթևոսյանը ձմերուկ մշակելիս մեծ աշխատուժ է ներգրավել՝ բարձր օրավարձով:

«Ինձ մոտ ձմերուկ հավաքողներն օրը ստացել են 7000-10000 դրամ: Տղամարդիկ կայուն 10000 դրամ են վարձատրվել, քանի որ իրենք ավելի երկար էին մնում դաշտում, աշխատում, իսկ կանայք ժամով էին գալիս՝ ժամը 9-ին մտնում էին դաշտ, երեկոյան 6-ին դուրս գալիս ու 7000 դրամ ստանում: 20 հոգուց մինչև 100 հոգի աշխատող եմ ունեցել»:

Էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական խորհրդատվության և նորարությունների վարչության,  գյուղատնտեսական խորհրդատվության բաժնի պետ Մերինե Աթոյանն առաջարկում է հողմշակողներին օգտվել գյուղատնտեսական պետական աջակցության ծրագրերից և խթանել արտադրողականությունը: Հողերի միավորման դեպքում պետությունը փոխհատուցում է կադաստրային արժեքի 30 տոկոսը:

«Միավորվող հողամասերի պարտադիր պայմանն է. 5հա-10հա-ի դեպքում պետք է առնվազն լինի 5 միավոր հողակտոր, 10-100  հեկտարի դեպքում՝ առնվազն 10 միավոր, 100-200 հեկտարի դեպքում՝ 20 միավոր միավորվող հողակտորներ: Միավորվող հողկտորներից ոչ մեկը չպետք է լինի ձեր անունով»:

Այսինքն՝ հողատերը չի կարող իր սեփական հողատարածքը միավորել ձեռք բերած 4 հողակտորին: Մինչև ծրագրում փոփոխություններն անելը դա հնարավոր էր, իսկ հիմա ոչ: Բացի դրանից՝ միավորվող հողակտորները պետք է լինեն իրար կողքի, որպեսզի օտարելուց հետո դառնան մեկ կադաստրային միավոր:

Ինտենսիվ այգեգործության զարգացման ծրագրով հնարավոր է ներդնել ոռոգման արդիական համակարգեր, մինչև 100 հազար խմ ծավալով ջրավազաններ կառուցել կամ ընդլայնել, որի համար փոխհատուցվում է  ծախսի 50 տոկոսը:

«Ինտենսիվ այգեգործության համար պետական օժանդակություն տրամադրվում է երկու բաղադրիչի շրջանակում՝ կամ ծախսերի մասնակի փոխհատուցման, կամ տրամադրվող վարկի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման եղանակով»:   

Պետական  օժանդակության ծրագրերից  գյուղացիներն ամենաարդյունավետը համարում են լիզինգով տեխնիկայի ձեռք բերումը, որից շատերն են օգտվել, Սամվել Մաթևոսյանը նույնպես:

«Իրենք մեզ օգնում են, ես այդ տեխնիկայի արժեքի 20 տոկոսը մուծում եմ, 6 տարվա ընթացքում մարում: Ես վերցրել եմ լիզինգով մի հատ «Բելոռուս» տրակտոր, 2026 թ.-ին լրանալու է ժամկետը: Հենց լրացավ ես հին տրակտորը վաճառելու եմ: Դրանից հետո, եթե ծրագիրը շարունակվի, ես նորը կգնեմ, որովհետև իմ հողերը շատ են, ես հին տրակտոր չեմ ուզում օգտագործել»:      

Գյուղացիները դժգոհում են խորհրդային հնամաշ կոմբայններից: Առաջարկում են թարմացնել հացահատիկահավաք տեխնիկան, և համայնքն այն ձեռք բերի, քանի որ անհատ  գյուղացին չի կարողանա վճարել կանխավճարը: Իսկ բերքահավաքին հատիկավորների կորուստը շատ է: Սամվելը բացի բանջարեղենից 24 հա-ի վրա ցորեն ու եգիպտացորեն է մշակել:

«Եգիպտացորենը Ռուսաստանում երբ քաղում են՝ միանգամից հատիկ են հանում, իսկ մեզ մոտ ձեռքով ենք քաղում, հետո տանում առանձին հատիկ հանում: Դա ծախս է, հավելյալ աշխատանք, որը ձեռնտու չէ: Բայց մեր երկրում չկա այդ կոմբայնը: Ես առաջարկում եմ նոր կոմբայններ բերեն հացահատիկ ու եգիպտացորեն հավաքելու համար: Իսկ եթե մի կոմբայն կբերեն, որի սարքը փոխելով կարող են եգիպտացորեն հավաքել՝ շատ ավելի լավ կլինի: Կորուստը բերքահավաքին անտանելի շատ է լինում, բացի դա, եթե կոմբայնը  1հա-ը քաղում է 50 հազար դրամով, ապա եգիպտացորեն քաղելը, հատիկ հանելը՝ 200 հազար դրամ է»:

Շենավանից Կարեն Պողոսյանն էլ թերահավատորեն է վերաբերում բուսաբուծության ծրագրին, գյուղացիները օգտվում են ներկրված սերմերից, որոնք վստահելի որակ չունեն: Լոլիկի ցեցերից տարիներ շարունակ չեն կարողանում ազատվել:

«Հոլանդական ու թուրքական սերմեր են ցանվում, ես համոզված էլ չեմ, որ Թուրքայից սերմերը ներկրվում են՝ վարակը հետն է գալիս, թե ոչ: +35 աստիճանից հետո լոլիկի բույսը  չորանում է, ինչ ուզում ես արա: Մենք չենք կարողանում ջերմակայուն տեղային սերմեր արտադրել»:

Հողի մշակները ցանկանում են լինել պետության հոգածության ներքո, իսկ գյուղատնտեսական ծրագրերը մշակելիս հաշվի առնել պարեն արտադրողների կարծիքն ու լսել նրանց մտահոգությունները:

Աղբյուր

Կիսվել սոց․ ցանցերում