Հունվարի 9-ին՝ Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրը, կայացավ «Ես վրեժխնդիր կլինեմ աշխարհից սիրո միջոցով – Ս. Փարաջանով» վավերագրական ֆիլմի երևանյան պրեմիերան:
«Սերգեյ Փարաջանովի հետ ծանոթության միջոցով ֆիլմում արծարծվում են նաև ազգային խնդիրներ և, ընդհանուր առմամբ, արտացոլվում է անցյալի և իրականի զուգահեռը՝ թե’ արվեստի, և թե’ քաղաքականության տեսանկյունից: Մենք վստահ ենք, որ երիտասարդ սերունդը կկարողանա գտնել հրատապ հարցերի պատասխանների վեկտոր Սերգեյ Փարաջանովի օգնությամբ և հատկապես՝ նրա կատարած ընտրությունների օրինակով իր կյանքի դժվարին պահերին», -լրագրողների հետ զրույցում ասաց ռեժիսոր Զառա Ջյանը:
Ֆիլմի պատմությունը հիմնված է իրական դեպքերի վրա, սակայն դասական ինքնակենսագրական չէ:
«Կան շատ ֆիլմեր, որոնց միջոցով ավելի շատ կարելի է ծանոթանալ Փարաջանովի կենսագրությանը և աշխատանքներին, սակայն այս ֆիլմն անցյալը կապում է ներկայի հետ»,-ասաց ռեժիսոր Զառա Ջյանը, ով նաև ֆիլմի սցենարիստն ու համապրոդյուսերն է:
Ֆիլմը թե’ իր հերոսներով, թե’ նկարահանումներով միջազգային մասշտաբ ունի: Այն հայ-ֆրանսիական արտադրության ֆիլմ է: Նկարահանումները տեղի են ունեցել Հայաստանում, Լատվիայում, Գերմանիայում և Սերբիայում: Ֆիլմի հերոսների ցանկն էլ բաղկացած է միջազգային ճանաչում ունեցող հեղինակավոր դեմքերից՝ Ատոմ Էգոյան, Թարսեմ Սինգխ, Էմիր Կուստուրիցա, Չուլպան Խամատովա, ՋոելԿապրոն, Ալի Խամրաեւ, Լորա Գուերրա, Լևոն Աբրահամյան, Արտավազդ Փելեշյան:
«Ես վրեժխնդիր կլինեմ աշխարհից սիրոմ իջոցով. Ս. Փարաջանով» ֆիլմը բաղկացած է հարցազրույցներից: Հերոսները բաժանված են 3 խմբի. Հետխորհրդային ժամանակի մշակութային գործիչներ, Ս․Փարաջանովի գործընկերներ և ընկերներ, միջազգային մշակութային գործիչներ: Բոլոր հերոսներին միավորում է Փարաջանովի նկատմամբ ունեցած սերը:
Ֆիլմը սկսվում է հեղինակի՝ ժամանակակից ռեժիսորի որոշումից` լքել այն երկիրը, որտեղ նա ապրում է՝ կապված դրամատիկ իրադարձությունների բռնկման հետ, վերադառնալ հայրենի տուն՝ Հայաստան, որոնելու լուծումներ, թե ինչպես շարունակել ապրել: Փարաջանովի տուն- թանգարանը դառնում է ոգեշնչման վայր (հիմնված իրական իրադարձությունների վրա)։ Ֆիլմում անցյալը հանդիպում է ներկային։
Փարաջանովի կյանքի եւ ստեղծագործության միջոցով եւ հենց նրա հետ միասին կհետազոտվեն այնպիսի հարցեր, ինչպիսիք են` մարդու ազատության թեման ոչ ազատ պայմաններում, ինչպես են փշալարերը ե ւպատերազմներն ազդում մշակույթի եւ մշակութային գործիչների վրա, որն է գուցե միակ ճիշտ ընտրությունը «տոքսիկ» իրականության պայմաններում և այլն: Կյանքն ու ստեղծագործելը պետք է գոյություն ունենան՝ չնայած արգելքներին եւ բռնապետություններին:
Հավելենք, որ «Ես վրեժխնդիր կլինեմ աշխարհից սիրո միջոցով. Ս. Փարաջանով» ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել է Վենետիկի փառատոնի շրջանակներում, որից հետո ֆիլմը մասնակցել է այլ փառատոնների ևս:


