Վրաստանի կառավարությանը 100 մլն եվրոյի օգնությունը դադարեցված է. Եվրահանձնակատար

ԵՄ-ն արդեն կասեցրել է Վրաստանի կառավարությանը հատկացվելիք 100 միլիոն եվրոյի օգնությունը և քննարկում է այդ միջոցներն այլ նպատակներով օգտագործելու հնարավորությունը։ Ինչպես գրում է aliq.ge-ն, այս մասին հայտարարել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Կոսը:

Մասնավորապես, նրա խոսքով, վերոնշյալ գումարից 8,5 մլն եվրոն արդեն վերանախագծվել է և կուղղվի քաղաքացիական հասարակության ամրապնդմանը. նույն նպատակով հատկացվել է նաև լրացուցիչ 7,5 մլն եվրո։ «Մենք պետք է ուժեղացնենք մեր արձագանքը «Վրացական երազանք»-ի կառավարության տարածած ապատեղեկատվությանը», հունվարի 14-ին Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում ասել է Կոսը։ Նրա խոսքով, Վրաստանում տիրող իրավիճակը «հիշեցում է, որ Եվրամիությանն անդամակցելը հեշտ չէ, և հետընթացներ կարող են լինել և լինում են»: «Ցավում եմ, որ կառավարությունը շարունակեց շարժվել ԵՄ ինտեգրման դեմ։ Եվրամիությանն ինտեգրվելու վրաց ժողովրդի ընտրությունը ներառված էր սահմանադրական պարտավորության մեջ: Նրանք ամեն գիշեր փողոց են դուրս գալիս, քանի որ ակնհայտորեն ցանկանում են եվրաինտեգրվել»,- նշել է Կոսը։ Խաղաղ ցուցարարների, ընդդիմության ներկայացուցիչների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և լրագրողների նկատմամբ կառավարության գործողությունները նա «միանգամայն անընդունելի» է բնորոշել։

https://shabat.am/am/article/338907/Vrastani-karavarutyany-100-mln-evroyi

Կիսվել սոց․ ցանցերում