Ամեն անգամ ոչ այնքան հաճելի ձայն են լսում քաղաքացիները, երբ QR կոդի, կամ բանկային քարտի միջոցով փորձում են ավտոբուսի ուղեվարձը վճարել, իսկ վալիդատորը այն չի ընդունում:
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում տրանսպորտից օգտվողներն ասում են՝ դեռ չեն հարմարվել փոփոխություններին, կես ամսից էլ՝ փետրվարի 1-ից, տրանսպորտի սակագինն ամբողջությամբ փոխվում է, ինչի հետ հաշտ չեն:
Քաղաքացիների դժգոհությունները բազմաթիվ են, դրանցից առանցքայինը, սակայն, այն է, որ հասարակական տրանսպորտի QR տոմսեր տրամադրող «Թել-Սել» համակարգը օգտագործման ժամկետ սահմանում է ընդամենը չորս օր, և շատերը չեն հասցնում սպառել տոմսը մինչ ժամկետի ավարտը: Մյուս կողմից խնդիր են նաև հենց «Թել-Սել» ապարատները, որոնք գտնելը հեշտ չէ, գտնելու դեպքում էլ առաջին փորձից QR վերցնելու հավանականությունը գրեթե զրո է:
Սա էլ մի կողմ՝ տրանսպորտի աշխատանքից դժգոհ քաղաքացիներն ասում են՝ ձմռան ցրտին ստիպված են ժամերով սպասել կանգառներում:
Քաղաքացիներից ոմանք էլ նշում են, որ բնական է տրանսպորտի գնի թանկացումը, քանի որ «Գազել»-ներին փոխարինել են եվրոպական ստանդարտներին համապատասխան ավտոբուսներ:
Երևանի քաղաքային իշխանությունը համոզված է, որ տրանսպորտի թանկացմանն այլընտրանք չկա։
Մեկ ուղևորափոխադրման միջին գինը, ըստ քաղաքապետ Տիգրան Ավինյանի, կազմելու է 144 դրամ, սակայն այն քաղաքացիները, որոնք ավելի քիչ են օգտվում տրանսպորտից, կվճարեն ավելի շատ՝ 300 դրամ:
Առավել մանրամասն՝ ռեպորտաժում:
