ՔԿԾ պետ Ծովինար Թադևոսյանի գլխավորությամբ ամփոփվել են 2024-ի արդյունքները և քննարկվել 2025 թվականի ծրագրերը

Հաշվետու ժամանակահատվածում բոլոր 10 քրեակատարողական հիմնարկների համար ձեռք են բերվել 170 նոր, հակավանդալային, անհատական քարտային համակարգով աշխատող հեռախոսներ։ Նախաձեռնվել են աշխատանքներ՝ քրեակատարողական հիմնարկներում պատիժ կրող դատապարտյալների համար առավել հարմարավետ, պրակտիկ, սեզոնային առանձնահատկություններին համապատասխանող հանդերձանքի նոր լրակազմ ներդնելու, ինչպես նաև ազատազրկված անձանց տրամադրվող հիգիենայի պարագաների որակը բարելավելու համար։

2024 թվականին լուծվել է տարիներ շարունակ չլուծվող խնդիրը՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկն ապահովվել է շուրջօրյա ջրամատակարարմամբ։ Այլ քրեակատարողական հիմնարկներում ևս իրականացվել է շենքային պայմանների բարելավում, իսկ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում կառուցվել է 3 խցից բաղկացած մոր և մանկան բաժանմունք, հիմնանորոգվել է վարչական մասնաշենքը, ամբողջովին վերանորոգվել են կին դատապարտյալների կացարանները, շուրջ 3 տասնյակ խուց և ուսումնական կենտրոնը։

Հատուկ ուշադրության կենտրոնում են եղել ազատազրկված անձանց վերասոցիալականացմանն ուղղված աշխատանքները։ 2024 թվականի ընթացքում իրականացվել են 150%-ով ավել վերասոցիալականացման միջոցառումներ, քան 2023 թվականի ընթացքում։

Նիստին քննարկվել են նաև 2025 թվականին նախատեսված աշխատանքներն ու համալիր ծրագրերը: Մասնավորապես՝ ընթացիկ տարում շարունակվելու են քրեակատարողական հիմնարկների շենքային պայմանների բարելավմանն ուղղված շինվերանորոգման և բարեկարգման աշխատանքները, ազատազրկված անձանց աշխատանքով ապահովելուն ուղղված նախաձեռնությունների իրականացումը, վերասոցիալականացման ծրագրերի ընդլայնումը։

Ծառայության կենտրոնական մարմնի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի պետ Ցողիկ Ալեքսանյանը ներկայացրել է ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում վերջին 5 տարիների ընթացքում արձանագրված ինքնասպանության, ինքնասպանության փորձի, ինքնավնասման և հացադուլի դեպքերի, ինչպես նաև դրանց պատճառների համեմատական վիճակագրությունը։

Անդրադառնալով թեմային՝ Ծառայության պետը կարևորել է ինքնավնասումների, ինքնասպանությունների կանխարգելման նպատակով ներդրված բացահայտող գործիքի արդյունավետ կիրառումը և բացահայտված ռիսկայնության դեպքում բազմամասնագիտական թիմի փոխհամագործակցված գործելու կարևորությունը:

Ամփոփելով Քրեակատարողական ծառայության նախորդ տարվա գործունեությանը նվիրված նիստը՝ Ծովինար Թադևոսյանն անդրադարձել է ոլորտային տեսլականի հիմնախնդիրներին, դրանց լուծման հնարավոր ուղիներին, տվել հասցեական հանձնարարականներ և ցուցումներ՝ աշխատանքի որակը բարձրացնելու ուղղությամբ արձանագրված բացթողումները շտկելու նպատակով։

Կիսվել սոց․ ցանցերում