Օրվա խոսք` 《Ժողովրդի անհավատարմությունը 》

ՄԱՂԱՔԻԱ 2_ՄԱՂԱՔԻԱ 3: Մի՞թե մեր ամենքի հայրը մեկը չէ, մի՞թե մեկ Աստված չի ստեղծել մեզ, ուրեմն ամեն մարդ ինչո՞ւ է անհավատարմություն անում իր եղբորը՝ եղծելով մեր հայրերի ուխտը։ Հուդան անհավատարմություն արեց, և Իսրայելի ու Երուսաղեմի մեջ գարշություն գործվեց. Հուդան պղծեց Տիրոջ սրբարանը, որը նա սիրում է, և ամուսին եղավ օտար աստծու դստերը։ Տերը բնաջնջելու է այն մարդուն, որ այս է անում, Հակոբի վրաններից արթունին և պատասխանողին և Զորքերի Տիրոջն ընծա մատուցողին։ Եվ երկրորդ՝ սա ևս անում եք. Տիրոջ զոհասեղանն արտասուքով եք ծածկում՝ լացով ու հեծեծանքով, այնպես որ նա այլևս ընծային չի նայում ու հաճությամբ չի ընդունում այն ձեր ձեռքից։ Բայց դուք ասում եք. «Ինչո՞ւ»։ Որովհետև Տերը վկա էր քո և քո երիտասարդության կնոջ միջև, որի նկատմամբ դու անհավատարիմ ես եղել, սակայն նա քո կենակիցն է և քո ուխտի կինը։ Մի՞թե Աստված նրանց մեկ չարեց. մարմնով և հոգով նրանն են։ Եվ ինչո՞ւ. աստվածավախ սերնդի համար։ Ուրեմն զգուշացե՛ք ձեր հոգիների համար, և երիտասարդությանդ կնոջ նկատմամբ անհավատարիմ մի՛ եղիր։ «Որովհետև ես ատում եմ ապահարզանը,- ասում է Տերը՝ Իսրայելի Աստվածը,- բռնությամբ հանդերձը ծածկելը,- ասում է Զորքերի Տերը,- ուրեմն զգուշացե՛ք ձեր հոգիների համար և անհավատարիմ մի՛ եղեք»։ Դատաստանի օրը մոտ է Դուք Տիրոջը հոգնեցրել եք ձեր խոսքերով, սակայն դուք ասում եք. «Ինչո՞վ ենք հոգնեցրել»։ Ձեր ասելով, թե՝ «Ամեն չարագործ հաճելի է Տիրոջ աչքին, և ինքը հավանություն է տալիս նրանց»։ Կամ թե՝ «Ո՞ւր է արդարության Աստվածը»։ «Ահա ես ուղարկում եմ իմ պատգամաբերին, որ ճանապարհ պատրաստի իմ առջևից, և Տերը, որին դուք փնտրում եք, հանկարծակի իր տաճարը պիտի գա. ուխտի պատգամաբերը, որին դուք հավանում եք, ահա գալիս է,- ասում է Զորքերի Տերը։- Ո՞վ կարող է տոկալ նրա գալու օրվան, և նրա երևալու ժամանակ ո՞վ կարող է կանգուն մնալ. որովհետև նա զտողի կրակի պես է և լվացարարների օճառի պես։ Եվ նա նստելու է իբրև արծաթ զտող և մաքրող։ Եվ մաքրելու է Ղևիի որդիներին և նրանց զտելու է ոսկու և արծաթի պես, և նրանք արդարությամբ Տիրոջն ընծա մատուցողներ կլինեն։ Եվ Տիրոջն ընդունելի կլինի Հուդայի և Երուսաղեմի ընծան, ինչպես վաղեմի օրերին և նախկին տարիներին։ Եվ ձեզ մոտ կգամ դատաստանի համար և արագ վկա կլինեմ կախարդների ու շնացողների, սուտ երդում անողների դեմ, նաև վարձկանի վարձը պահողների, այրուն և որբին զրկողների և օտարականին ճնշողների դեմ, որոնք ինձանից երկյուղ չունեն»,- ասում է Զորքերի Տերը։

Կիսվել սոց․ ցանցերում