Հանրապետության կեսը ինձնից նեղացած է, որ հավաքականի խաղին տոմս չեմ կարողանում տալ․ Գիլոյան

ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանն այսօր Աժ–ում իր ելույթի ժամանակ անդրադարձավ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի դիտարկմանը, այն է՝ պետք է օր առաջ մտածել առնվազն 30 հազար նստատեղ ունեցող ֆուտբոլային մարզադաշտ ունենալու մասին։

Փոխնախարարը արձագանքեց․ «Դա հանապազօրյա խնդիր է, և Հայաստանի հավաքականի՝ հպարտություն ներշնչող խաղի ֆոնին այսօր այնպիսի պահանջարկ է առաջացել, որ ես ձեզ վստահեցնում եմ՝ հանրապետության կեսը, նույնիսկ պատգամավոր ինձնից նեղացած է այս պահին, որ տոմս չեմ կարողանում տալ, բայց ստադիոնի չափն է այդքան»:

Նա հույս հայտնեց, որ մի օր ՀՀ–ն կունենա այնպիսի մարզադաշտ, որտեղ կարձանագրվեն հայկական ֆուտբոլի նոր փառահեղ հաղթանակները։

Հիշեցնենք՝ այսօր ժամը 20։00–ին Հանրապետական մարզադաշտում ՀՀ–ն ընդունելու է աշխարհի բրոնզե մեդալակիր Խորվաթիայի հավաքականին՝ ԵՎՐՈ 2024–ի որակավորման փուլին պայքարելու համար։

Կիսվել սոց․ ցանցերում