Քննարկել 8 աշխատակցի ազատման հրшմանների իրավաչափությունը. Խաչատրյանը՝ ԶՊՄԿ-ի ակցիայի հանգուցալուծման մասին

Ազգային Ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է ԶՊՄԿ-ի բողոքի ակցիայի հանգուցալուծմանը:

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցների կողմից 2025 թվականի հունվարի 31-ից սկսված բողոքի ակցիայով մասնավորապես ներկայացվել են հետևյալ պահանջները՝

աշխատավարձերի զգալի բարձրացում արդարացի համահարթեցման միջոցով,

աշխատանքային պայմանների բարելավում, անհրաժեշտության դեպքում՝ ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման միջոցով, մասնավորապես կարևորվել է որոշ արտադրամասերում օդափոխության հետ կապված խնդիրը,

հայտարարվել է նաև, որ գրեթե չի գործում առողջության ապահովագրության համակարգը, և մրցույթը շահած ապահովագրական ընկերությունը պատշաճ ծառայություն չի մատուցում։

Բողոքի ակցիային են միացել մեծ թվով աշխատակիցներ, ինչի արդյունքում Կոմբինատի գործունեությունը գրեթե դադարեցվել է։

Փետրվարի 9-ին և 10-ին ԱԺ պատգամավոր Նարեկ Ղահրամանյանի հետ հանդիպումներ եմ ունեցել ակցիայի մասնակիցների, ինչպես նաև՝ Կոմբինատի ղեկավարության հետ։ Բանակցություններին են միացել նաև Հայաստանի Հանրապետության արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանը և տեղակալ Տիրուհի Նազարեթյանը։ Այդ ընթացքում Կոմբինատի տնօրեն Ռոման Խուդոլին պաշտոնական կայքով տարածել է երկու հայտարարություն, ըստ որոնց՝ աշխատավարձերի համահարթեցման, աշխատանքային պայմանների և ապահովագրական համակարգի բարելավման ուղղությամբ կձեռնարկվեն միջոցներ, որոնց արդյունքները տեսանելի կլինեն ողջամիտ ժամկետում ։

Բանակցությունների ընթացքում, ինչպես նաև՝ ԶՊՄԿ պաշտոնական հաղորդագրություններում, ըստ էության, Կոմբինատի ղեկավարությունը պաշտոնապես հանձն է առել աշխատավորների կողմից բարձրացված խնդիրների ուղղությամբ ձեռնարկել գործուն միջոցներ, ինչը մի քանի անգամ հավաստել է տնօրեն Ռ. Խուդոլին։

2025 թվականի փետրվարի 10-ի երեկոյան, բողոքի ակցիայի մասնակիցների հետ քննարկելով վերը նշված հանգամանքները, մասնավորապես՝ Կոմբինատի ղեկավարության կողմից աշխատավորների բարձրացրած խնդիրները հնարավորինս սեղմ ժամկետում ուսումնասիրելու և լուծելու հանձնառությունը՝ մասնակիցները որոշում կայացրեցին դադարեցնել բողոքի ակցիան և անմիջապես անցնել իրենց աշխատանքային պարտականությունների կատարմանը՝ վերագործարկելով չաշխատող արտադրամասերը։

Շնորհակալություն եմ հայտնում Կոմբինատի աշխատավորներին, ովքեր մասնակցելով բողոքի ակցիաներին՝ խստորեն պահպանել են հասարակական կարգը և համակեցության կանոնները։
Շնորհակալություն եմ հայտնում նաև Հայաստանի Հանրապետության արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանին և տեղակալ Տիրուհի Նազարեթյանին ներգրավվածության և ցուցաբերած աջակցության համար։

Շնորհակալություն ԶՊՄԿ ղեկավարությանը աշխատավորների բարձրաձայնած խնդիրներն արձանագրելու և դրանք լուծելու հանձնառություն ստանձնելու համար։

Հուսով եմ՝ այսուհետ աշխատավորների իրավունքների և շահերի պաշտպանության հետ կապված խնդիրների բարձրաձայնման համար բողոքի ակցիաների անհրաժեշտություն չի լինի, և հարցերը կլուծվեն ինստիտուցիոնալ եղանակով։ Այս համատեքստում խիստ կարևորում եմ Կոմբինատի արհիմիության պատշաճ գործունեության անհրաժեշտությունը։

Առաջարկում եմ վերադասության կամ դատական կարգով քննարկել ակցիայի 8 մասնակիցներին աշխատանքից ազատելու հրամանների իրավաչափությունը։

Միաժամանակ իմ մանդատի լիազորությունների շրջանակում հետևողական եմ լինելու Քաջարան քաղաքի բնակիչների, ինչպես նաև՝ ԶՊՄԿ աշխատավորների իրավունքների և շահերի պաշտպանության ապահովման հարցում»,- գրել է Խաչատրյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ փետրվարի 10-ին՝ ԶՊՄԿ բողոքի ակցիայի 11-րդ օրը, սկսված գործադուլը դադարեցվել է:

Հիշեցնենք՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը ավելի վաղ հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ ընկերությունը սկսել է անօրինական գործողությունների և արտադրության սաբոտաժը հրահրող և կազմակերպող մասնակիցների աշխատանքային պայմանագրերի լուծման գործընթաց՝ խստորեն պահպանելով ՀՀ աշխատանքային օրենսդրության պահանջները:

Ընկերության մեկ այլ հաղորդագրության համաձայն՝ ընկերությունը օրական մոտ 400 միլիոն դրամի վնաս է հասցվել, իսկ պետությունը միայն հարկերի տեսքով կրել է օրական ավելի քան 100 միլիոնի դրամի վնաս։

Գործադուլի դուրս եկած աշխատակիցները պահանջում էին աշխատավարձի արժանապատիվ բարձրացում՝ անընդունելի համարելով տնօրինության առաջարկները։

Կիսվել սոց․ ցանցերում