Տորոնտոյում Delta Airlines-ի ինքնաթիռը շրջվել է վայրէջք կատարելիս

Տորոնտոյի Լեսթեր Փիրսոնի անվան միջազգային օդանավակայանում վայրէջք կատարելիս Delta Airlines ավիաընկերության ինքնաթիռը կործանվել է։ Այս մասին հայտնում է կանադական CTV News հեռուստաընկերությունը։

Սոցցանցերում հրապարակված լուսանկարներում երևում է, որ ինքնաթիռը շրջվել է:

Նախնական տվյալներով՝ ինքնաթիռում եղել է 80 մարդ։ CTV News-ի փոխանցմամբ՝ տուժել է ութ մարդ։

Միջադեպի մասին տեղեկությունը հաստատել են օդանավակայանում։ «Toronto Pearson-ը տեղյակ է Մինեապոլիսից ժամանած Delta Airlines-ի ինքնաթիռի վայրէջքի ժամանակ տեղի ունեցած միջադեպի մասին։ Դեպքի վայր են մեկնել վթարային բրիգադները»,- ասվում է օդանավակայանի հաղորդագրության մեջ։

Տեղի ոստիկանությունը հայտնել է, որ, ըստ նախնական տեղեկությունների, ուղևորների մեծ մասը չի տուժել։

ԱՄՆ քաղավիացիայի դաշնային վարչությունը հայտնել է, որ ինքնաթիռում գտնվող բոլոր 80 մարդիկ տարհանվել են: BBC News-ը, հղում անելով Օնտարիոյի առողջապահության ծառայություններին, գրում է, որ երեք մարդ ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց։

Կիսվել սոց․ ցանցերում