Այսօր Երեւանում, Դավիթաշենի կամրջի մոտ ինքնասպանության փորձ է կատարել մի քաղաքացի, ինչը lragrogh.com-ի աշխատակցին ոստիկանության ուժերի հետ համատեղ գործողությունների միջոցով հաջողվել է կանխել:
Lragrogh.com-ի լրատվական ծառայության ղեկավար Վանիկ Նիկոյանը զրուցել է ինքնասպանության դիմած քաղաքացի Ա-ի հետ, պարզել, որ նա յոթ երեխա ունի, որոնցից մեկը ինն ամսական է, ապրում են վարձով բնակարանում, վարձակալը մի քանի անգամ ընդառաջել է, սակայն այլեւս չի կարող ընդառաջել: Քաղաքացին պետք է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից ստանա երեք հարյուր հազար դրամ, սակայն այդ գումարը մինչ օրս չեն փոխանցել: Նրա ընտանիքը կարող էր հայտնվել դրսում, ինչն էլ Ա-ին դրդել է նման հուսահատ քայլի:
Վանիկ Նիկոյանը կապ է հաստատել նաեւ բնակարանի տիրոջ` Ալվարդի հետ. վերջինս բարեհամբույր արձագանքել է, խոստացել ընդառաջել քաղաքացուն, մինչեւ նա նախարարությունից ստանա իր հասանելիք գումարը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Ա-ն կառավարության դիմաց կարել էր իր բերանը եւ աչքերը` պահանջելով, որ փոխանցեն իր գումարը: Նա տեւական ժամանակ lragrogh.com-ի <Ժողովրդի ձայնը լսելի է> հաղորդման ժամանակ բարձրաձայնել է իր խնդիրների մասին:
Այժմ նա գտնվում է Ոստիկանության Դավթաշենի բաժանմունքում:
Քաղաքացուն աջակցելու համար շնորհակալություն ենք հայտնում տանտիրուհուն, Ոստիկանության Դավթաշենի բաժանմունքին, Արտակարգ իրավիճակների ճգնաժամային կառավարման կենտրոնին (փրկարարներին)` օպերատիվ արձագանքի համար:
