Հшղթանակցիները 40 րոպե այսօր սառել են կանգառներում. Ինչո՞ւ է վարորդը որոշել փոխել երթուղին

Այսօր առավոտյան՝ ժամը 9-ի սահմաններում Հաղթանակ թաղամասի մի խումբ  բնակիչներ ավելի քան 40 րոպե սառել են կանգառներում՝  սպասելով թիվ  77  երթուղին սպասարկող ավտոբուսին։

Ավելի ուշ պարզվել է, որ ավտոբուսի վարորդն ինքնագլուխ փոխել է սահմանված երթուղին՝ 9-րդ փողոցի փոխարեն անցնելով  զուգահեռ  7-րդ փողոցով։

Այս ընթացքում նավիգատորով ավտոբուսի շարժին հետևող ուսանողներից մի քանիսը, հասկանալով տեղի ունեցածը, սկսել են վազել ավտոբուսի հետևից, սակայն այդպես էլ չեն հասել՝ ուշանալով դասերից։

«Սա առաջին դեպքը չէ։ Սպասում ես խաչմերուկում, մեկ էլ տեսնում ես՝ ավտոբուսն արդեն դուրս է եկել թաղամասից, մենք էլ էս ցրտին կանգնած մնում ենք։ Նման դեպքեր եղել են նաև թիվ 53 երթուղին սպասարկող ավտոբուսի դեպքում»,-դժգոհեց խմբագրություն զանգահարած քաղաքացին՝ ընդգծելով, որ սահմանված երթուղու փողոցում այսօր շինարարական աշխատանքներ չեն կատարվում,  փոսեր չկան, ավելին քիչ հետո նույն փողոցով անցել է թիվ 53 ավտոբուսը։

Կանգառում ավտոբուսին սպասելու ընթացքում ուղևորները քննարկել են ու եկել այն եզրակացության, որ վարորդն ուշ է դուրս եկել գիծ, ամեն բան արել է, որ սահմանված գրաֆիկից հետ չընկնի։

Panorama.am-ը դիմեց Երևանի ավտոբուս ՓԲԸ՝ հասկանալու, թե ինչո՞ւ են վարորդները փոխում երթուղին՝ մարդկանց այս ցուրտ եղանակին թողնելով դրսում, դառնալով աշխատանքից, դասերից ուշանալու պատճառ։

Ընկերության մամուլի խոսնակ Գեղամ Ասատրյանի փոխանցմամբ, թաղամասի փողոցներն ավտոբուսների համար նեղ են։ Այսօր երբ թիվ 77 ավտոբուսի վարորդը փորձել է թեքվել, փողոցում անհաջող կերպով կայանած մեքենա է եղել։ Երբ ավտոբուսի վարորդը մեքենայի տիրոջն ասել է՝ մեքենան առաջ տա,  մեքենայի տերն ասել է՝ իր բակն է, որտեղ ուզի, կկանգնի։

«Որպեսզի խոսակցությունը վեճի չվերածվի, վարորդը որոշել է այդ հատվածն անցնի զուգահեռ փողոցով»,-ասաց Գեղամ Ասատրյանը:

 

Աղբյուր` Panorama.am
Կիսվել սոց․ ցանցերում