Կառավարությունը որոշել է կարգավորել կրիպտոակտիվների ոլորտը

Կառավարության փետրվարի 27-ի նիստին որոշվեց ներդնել կրիպտոակտիվների ոլորտի համապարփակ կարգավորման մոդել։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով հարցին, ասաց, որ կլինեն քննադատություններ, որ օրենսդրական լուծումները կատարյալ չեն։ Նրա խոսքով, սակայն, ավելի լավ է քայլեր ձեռնարկել, քան ոչինչ չանել, քանի որ համակարգը հընթացս պետք է լուծումներ գտնի։

«Այստեղ պետք է ուղիղ ասել, որ խնդիրը հետևյալն է. պետական կառավարման համակարգը հենց գործընթացի ընթացքում պետք է գիտելիք ձեռք բերի կրիպտոարժույթի մասին, որովհետև պետական կառավարման համակարգը, որպես այդպիսին, առնվազն համակարգված գիտելիք չունի։ Մենք այս թեմային առնչվում ենք պատահականորեն՝ տարբեր իրադրություններում։ Մենք պետք է կարգավորենք ոլորտը, պետք է հնարավորինս ամբողջական գիտելիք ձեռք բերենք կրիպտոարժույթների մասին և հնարավորինս ամբողջական քաղաքականություն որդեգրենք կրիպտոարժույթների վերաբերյալ»,- ասաց Փաշինյանը։

Ըստ օրենքի փոփոխության հիմնավորումների՝ Հայաստանում ի հայտ են եկել բազմաթիվ անձինք, որոնք սկսել են բիզնես գործունեություն ծավալել այս ոլորտում:

Այնուամենայնիվ, համապատասխան կարգավորման դաշտի բացակայությունը խոչընդոտ է հանդիսանում կրիպտոակտիվների ոլորտում նորարարական գործունեությամբ զբաղվելու համար:

Ըստ նախագծի՝ կրիպտոակտիվների ոլորտի ակտիվության հետ միաժամանակ առաջացել են մի շարք ռիսկեր: Դրանք մեծամասամբ կապված են հաճախորդների շահերի պաշտպանության բավարար մեխանիզմների բացակայության և կրիպտոակտիվների ու դրանց հիմքում ընկած տեխնոլոգիաների ընձեռած հնարավորությունները փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման նպատակով կիրառելու վտանգների հետ:

Մյուս կողմից, ըստ կառավարության վերլուծության, կրիպտոակտիվների շրջանառության ծավալների շարունակական աճը կարող է ստեղծել նաև ֆինանսական կայունության ռիսկեր: Նշված ռիսկերին պատշաճ չարձագանքելը նույնպես բացասաբար է ազդում ոլորտի զարգացման վրա:

Ուստի կառավարությունը նախաձեռնեց այս փոփոխությունը՝ հիմնավորելով, որ այն հնարավորություն կտա ստեղծել ոլորտի անխափան զարգացման համար անհրաժեշտ նախապայմաններ՝ միաժամանակ նվազեցնելով առկա և հնարավոր ռիսկերի բացասական հետևանքները:

Նշվում է նաև, որ կարգավորման մոդելի մշակման համար ուղենիշ է հանդիսացել ԵՄ «The Markets in Crypto-Assets Regulation (MiCA)» կարգավորումը։

Գևորգ Թոսունյան

Կիսվել սոց․ ցանցերում