ԵՄ-ն ավելի քան 2 միլիարդ եվրո կհատկացնի հրդեհներից ու ջրհեղեղներից տուժած Հունաստանին

Եվրամիությունը Հունաստանին խոստացել է ավելի քան 2 միլիարդ եվրո ֆինանսական աջակցություն՝ ամառային զանգվածային անտառային հրդեհների և շարունակվող ջրհեղեղների հետ կապված, որոնք մեծ վնաս են հասցրել Հունաստանի կենտրոնական հատվածին, հայտնում է Associated Press-ը։

«Նախկինում անտառային հրդեհների պատճառով երբեք նման հսկայական տարածքներ չեն ոչնչացվել: Այնուհետև ջրհեղեղներն ավերեցին Հունաստանի մեծ հատվածները», — երեքշաբթի Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ հանդիպման ժամանակ ասաց ԵՄ հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։

Ֆոն դեր Լեյենի խոսքով՝ 2,25 միլիարդ եվրոն կարող է հասանելի լինել կարճաժամկետ հեռանկարում, որի մեծ մասը ստացվում է չպահանջված ֆոնդերից, որոնք նախատեսված են զարգացման և գյուղատնտեսական ծրագրերի համար, որոնք հիմնականում նախատեսված են Հունաստանի համար:

«Մենք պետք է օգտագործենք Cohesion ծրագրի շրջանակներում հատկացված չծախսված միջոցները՝ վերջին ֆինանսավորման ժամանակաշրջանում, որոնք հակառակ դեպքում կկորչեին», — ասաց նա լրագրողներին` Ստրասբուրգում կայացած հանդիպման ժամանակ:

Հունաստանի կենտրոնական գյուղատնտեսական շրջանի զգալի մասը շարունակում է հեղեղված մնալ՝ փոթորկի հետևանքով առնվազն 15 մարդու կյանք խլելուց մեկ շաբաթ անց, իսկ երկրի գլխավոր ճանապարհների և երկաթգծերի մեծ հատվածները շարունակում են փակ մնալ:

«Առաջին հերթին ուզում եմ ուշադրություն հրավիրել ստեղծված իրավիճակի լրջության վրա։ Անցած ամսվա ընթացքում Հունաստանը պատմական չափերի երկու ավերիչ բնական աղետ է ապրել», — ասել է Միցոտակիսը:

«Եվրոսի շրջանում (հունա-թուրքական սահմանի մոտ) բռնկված հրդեհն ամենամեծն է Եվրոպայի պատմության մեջ… Եվ մենք ունեցանք ամենասարսափելի ջրհեղեղները մեր ողջ պատմության ընթացքում։ Սա կարող է լինել ամենահզոր փոթորիկներից մեկը, որը երբևէ հարվածել է Եվրոպային»,- ասել է նա:

Կիսվել սոց․ ցանցերում