Ուկրաինական կարգավորման Միացյալ Նահանգների ներկայիս վարչակազմի որդեգրած մոտեցումը հասկանալու համար պետք է հատկապես ուշադրություն դարձնել այն բանին, թե ինչպես է այդ երկիրն ընկալվում անձամբ Դոնալդ Թրամփի եւ նրա թիմակիցների կողմից։ Ըստ այդմ, ինչպես իր վերլուծականում նկատում է ռուս քաղաքագետ Ալեքսեյ Մակարկինը, Ուկրաինան Թրամփի եւ նրա թիմակիցների կողմից ընկալվում է որպես համաշխարհային ծայրամաս։ Վերջինիս հանդեպ հետաքրքրությունը մեծ չէ այն պատճառով, որ թե՛ Թրամփը, թե՛ թրամփիստները ընդհանրապես մտածում են 19-րդ դարի վերջի եւ 20-րդ դարի սկզբի կայսրապետական աշխարհայացքի համեմատ՝ զուգորդված ծովակալ Մեխենի «ծովային ուժի» տեսության գաղափարներով, որի համաձայն, ծովն ընկալվում էր որպես, նախեւառաջ՝ առեւտրային ուղի։ Հետեւաբար, հաղթողը նա է, ով տիրապետում է ծովային ուղիներին։ Այս ընկալումների շրջանակներում է բացատրվում նաեւ ամերիկյան գործող վարչակազմի ընդգծված հետաքրքրվածությունը Պանամայի ջրանցքի հանդեպ։
Ուկրաինան, ըստ այս ընկալման, դուրս է գտնվում հիմնական ծովային ուղիներից։ Վերջինիս տարանցիկ նշանակությունն էլ խիստ նվազել է Ռուսաստանի հետ ունեցած հակամարտության պատճառով։ Հետեւաբար՝ վերջինս հետաքրքրություն չի ներկայացնում ամերիկյան ներկայիս իշխանությունների համար։ Սակայն ամեն ինչ այդքանով չի վերջանում։ Նույն ժամանակների կայսրապետական ընկալումների շարքին է դասվում նաեւ բնական ռեսուրսների հանդեպ վերահսկողություն ունենալը։ Ներկայում հատկապես, երբ տարբեր երկրներում բնական ռեսուրսներն ազգայնացվում են, այդ վերահսկողությունը փորձ է արվում իրականացնել շատ ավելի նուրբ եղանակներով ու մեխանիզմներով՝ բաժնեմասային եւ այլ տարբերակներով։
Ուկրաինան, ի դեմս նախագահ Զելենսկու, Թրամփին առաջարկել է բնական ռեսուրսների հանդեպ վերահսկողություն, այն հաշվարկով, որ ցանկանում է ամերիկյան ուշադրությունը սեւեռած պահել Ուկրաինայի վրա եւ խթանել ներդրումային հարցերով բանակցությունները։ Առաջին խնդիրը Կիեւը կարծես թե կարողացավ լուծել։ Իսկ, այ, երկրորդ խնդրի հետ կապված, ըստ Մակարկինի, Ուկրաինան հայտնվեց թակարդում։
Թրամփն այնքան տարվեց հազվագյուտ մետաղների արդյունահանման եւ վերահսկման գաղափարով, որ արդյունքում մշակել էր մի պայմանագիր՝ նույն 19-րդ դարի վերջի եւ 20-րդ դարի սկզբի կայսրապետական ոճի համեմատ։ Ընդ որում, դա պայմանագիր էր, որը Կիեւը պետք է ստորագրեր անմռունչ կերպով, առանց քննարկումների։ Ուկրաինան, սակայն, դա ընկալեց որպես նախնական փաստաթղթի տարբերակ, որը պետք է քննարկվի։ Հենց դա նաեւ դարձավ այն պատճառներից մեկը, որ Թրամփն «ամպրոպ ու շանթ» տեղա Զելենսկու գլխին։ Ու հիմա թե՛ ԱՄՆ-ն, թե՛ Ուկրաինան փորձում են այնպիսի պայմանագիր մշակել ու ստորագրել, որն ավելի հարիր կլինի ներկայիս ժամանակներին։ Այս ամենը, ըստ Մակարկինի, հիշեցնում է ամերիկացի գրող Օ՛Հենրիի վիպակի հիման վրա նկարահանված՝ խորհրդային հայտնի «Արքաներն ու կաղամբը» կինոնկարը՝ Գաֆթի եւ Ջիգարխանյանի մասնակցությամբ։ Ամերիկյան ընկերության հետ ունեցած պայմանագրի դրույթների փոփոխությունը հանգեցրեց՝ նշված կինոնկարում, լատինաամերիկյան Անչուրիա մտացածին պետությունում նախագահի եւ իշխանության փոփոխության, որտեղ այդ երկրի օրհներգի հնչյունների ներքո իշխանության է գալիս ամերիկյան ընկերության դրածոն։ Գլխավոր հարցն այստեղ այն է, թե կկարողանա՞ արդյոք Միացյալ Նահանգները ներկայում սպասարկել իր այն բոլոր հավակնություններն ու շահերը, որոնք ձեւակերպվել են Թրամփի կողմից, երբ այժմյան աշխարհն այդ հեռավոր ժամանակների աշխարհից խիստ տարբերվում է։
