ԱՄԷ նախագահի դիվանագիտական հարցերով խորհրդական Անվար Գարգաշը Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիին է փոխանցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նամակը՝ ուղղված Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին։
«Թեհրանում հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերությունների, տարածաշրջանային և միջազգային բնույթի հարցերի շուրջ: Անվար Գարգաշը հանձնել է ԱՄՆ նախագահի նամակը», – ասվում է Իրանի ԱԳՆ հաղորդագրության մեջ:
Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, Արաղչին «ընդգծել է տարածաշրջանի երկրների միջև համագործակցության ամրապնդման կարևորությունը՝ Մերձավոր Արևելքի երկրների շահերն ապահովելու համար», Գարգաշն ասել է, որ ԱՄԷ-ն պատրաստ է զարգացնել հարաբերությունները Իրանի հետ։
Թրամփը բազմիցս սպառնացել է Իրանին ռազմական ուժով, եթե Թեհրանը համաձայնության չգա Վաշինգտոնի հետ Իրանի միջուկային ծրագրի շուրջ։ Ամերիկացի առաջնորդը հրաման է ստորագրել վերադառնալ առավելագույն ճնշման քաղաքականությանը՝ հայտարարելով, որ թույլ չի տա Իրանին միջուկային զենք ձեռք բերել։ Խամենեին ընդգծել է, որ Թեհրանը ճնշման տակ չի բանակցի։
Մարտի 7-ին Թրամփը հայտարարել էր, որ ուղերձ է հղել Խամենեին՝ առաջարկելով բանակցություններ վարել միջուկային ծրագրի շուրջ։
