Ինչպես հայտնել ենք, Իռլանդիայի վարչապետ Մայքլ Մարտինը նախօրեին Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ժամանակ փորձել է ամերիկացի առաջնորդին փոխանցել Եվրոպայի անհանգստությունը եվրոպական ապրանքների վրա ԱՄՆ մաքսատուրքերի և ուկրաինական կարգավորման հարցում Վաշինգտոնի դիրքորոշման վերաբերյալ:
Թրամփը մեղադրանքներ է հնչեցրել Եվրամիության և Իռլանդիայի հասցեին, Իռլանդիայի վարչապետն էլ իր խոսքում արձագանքել է դրանց ու խոսել նաև Ուկրաինայում խաղաղության ջանքերի մասին:
«Թույլ տվեք իմ երախտագիտությունը հայտնել նախագահին խաղաղ գործընթացի վերաբերյալ նրա նախաձեռնությունների համար։ Մենք Իռլանդիայում շատ բան ենք սովորել ձեր նշած խաղաղ գործընթացից:
Հիշում եմ, 90-ականների սկզբին, երբ Իռլանդիայում խաղաղությանն ուղղված քայլեր ձեռնարկվեցին, շատերը քննադատում էին Ջոն Հյումի և Էլվին Ռեյնոլդսի նման մարդկանց, բայց նրանք շարունակեցին իրենց ջանքերը։
Երբ 1993 թվականին ձեռք բերվեց հրադադարի տեսքով առաջին հաջողությունը (Դաունինգ Սթրիթի հռչակագիրը — Խմբ.), ևս մի քանի տարի պահանջվեց համապարփակ խաղաղ համաձայնագրի հասնելու համար։ Սակայն պատերազմի կրակն ի վերջո մարեց։
Ուկրաինայի պատերազմը կործանարար է եղել երիտասարդների համար, և մենք պետք է հասկանանք, որ սա պարզ, բայց կարևոր ուղերձ է։ Մենք բոլորս էլ երեխաներ ունենք, և այդքան երիտասարդների կյանքի կորստի հեռանկարը սարսափելի է, անկախ նրանից՝ նրանք ուկրաինացի են, ռուս, թե որևէ այլ մեկը:
Այն, ինչ մենք կարող ենք անել բռնությունը դադարեցնելու համար, չափազանց դրական քայլ է։ Իհարկե, կլինեն նրանք, ովքեր կասկածներ և դիմադրություն կհայտնեն, բայց մեր խնդիրն է աշխատել սրա վրա և կառուցել խաղաղություն»,- ասել է նա:
