ԲԱՆՍԿՆ Է ՊԱՀԵԼՈՒ ՄԵՐ ՏԱՐԱԾՔԸ, ԲԱ ՀՈ ԱԽՈՒՐՅԱՆՑԻ ԱՆՈ՞Ն ՉԻ ՊԱՀԵԼՈՒ

Հասել ենք այն օրին, որ ՀՀ ԱԽՔ Արմեն Գրիգորյանը հայտարարում է, որ եթե հարձակում լինի Հայաստանի վրա, ապա Բանակը պաշտպանելու է երկրի տարածքը։ Դա նույնն է, երբ մեկն ասի, եթե գողը, մարդասպանը հարձակվի իմ տան, ընտանիքի վրա, ես պաշտպանելու եմ իմ տունը, ընտանիքը։ Սա արդեն վերջն է։ Հայտարարություն անելուց առաջ պատասխանատուները գիտակցու՞մ են, թե այն ինչ ազդեցություն կարող է ունենալ ժողովրդի վրա, չէ՞ որ Բանակը ժողովրդի հավաքական կերպարն է։ Պետությունը Բանակի վրա է կանգնած, Բանակ չունեցանք, մեզ ոչ ոք չի հարգելու,- Վազգեն Սարգսյանն էր ասում։ Եվ Հայաստանի Բանակը այս բարդ տարածաշրջանում հենց դրա համար է ստեղծվել, որ ապահովի ժողովրդի անվտանգությունը։ Ու ասել, թե Բանակը պաշտպանելու է երկրի տարածքը, մնում է զարմանալ՝ բանակն է պահելու, բա հո՞ ախուրյանցի Անոն չի պահելու երկրի անվտանգությունը․․․ Իսկ երբ ԱԽՔ-ը ասում է, որ ՊՆ-ն պաշտպանելու է Հայաստանը, զարմանք ես կտրում՝, թե ի՞նչն է հիմք տվել, որ նման բան ասի ԱԽՔ-ը։ Կարծում եմ հիմքը առավել քան երևելի է։

Նման հայտարարություն անում են, եթե Բանակը չի ծառայեցվել այդ նպատակին ու թշնամին դա տեսել, հասկացել է։ Վազգեն Սարգսյանի խոսքով կուղղորդեմ․ «Դառը բան եմ ասելու, կներեք, թե չեք ների, Աստված ձեզ հետ: 60 անգամ թուրքը մեզ ավելի լավ գիտի, քան դուք: Մեր բանակի գեներալների արյան մեջ շաքարի տոկոսն էլ նրանք գիտեն․․․ Մտածեք էս երկրի մասին: Մտածեք էս բանակի մասին, սա է էս երկրի փրկությունը: Սա է էսօր, ցավալիորեն ամենակայացած արժեքը: Ցավալիորեն»: Այո, թշնամին ձեզ լավ գիտե 44-օրյա պատերազմից, գիտի, թե ինչպես է խլել մեր հաղթանակները, ինչ ճանապարհով և զուր չէր Վազգենը զգուշացնում, որ 60 անգամ թուրքը մեզ ավելի լավ գիտի, քան դուք: Ինքը տեսել է հայի մարտնչող ոգին, հաղթանակները, բայց տեսել է նաև ո՜չ բարով, ո՜չ խերով ձեր իշխանությունը, որ առաջնորդ չեղավ մեր Բանակին, ու երկրի տարածքը չպաշտպանվեց, հերձվեց․․․ Հիմա Բանակի՞ց եք խոսում, թշնամին ձեզ լավ գիտե․ քանի դուք կաք, նրա ձայնը բարձր է հնչելու, որովհետև ձեր արյան կազմը լավ գիտե․․․

 

Կիսվել սոց․ ցանցերում