Երեկ՝ մարտի 20-ին, Հայաստանի Պատմության թանգարանում, «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» աննախադեպ միջազգային ցուցահանդեսի ամփոփիչ միջոցառման ժամանակ ներկայացվեցին վեց ամիս շարունակ գործող ցուցահանդեսի արդյունքները: Tert.am Life-ը ներկա է եղել միջացառմանն ու առանձնացրել կարևոր դրվագները:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը նշեց, որ Անահիտ Աստվածուհու բրոնզե արձանի գլուխն ու ձեռքը գրանցել են Անկախ Հայաստանի պատմության ընթացքում ամենաշատն այցելված թիվը:
«Մինչ այս պահը ունեցել ենք շուրջ 45 հազար այցելու, որը աննախադեպ թիվ է մեր ցուցադրությունների համար»,- Ալֆրեդ Քոչարյանը:
Պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանն էլ ցուցահանդեսն ամփոփելու փոխարեն հանդես եկավ հատուկ հայտարարությամբ.
«Այսօր նախատեսված էր ամփոփիչ ելույթներ, բայց շնորհիվ Բրիտանական թանգարանի հետ մեր համագործակցության, նրանց աջակցության ու վստահության, ուրախ ենք հայտարարել, որ ցուցահանդեսը երկարաձգվում է մինչև ապրիլի 10-ը:
Այս երկարաձգման համար բավական երկար գործընթաց է իրականացվել՝ հաշվի առնելով մեծ հետաքրքրությունը այցելուների շրջանում:
Հուսով ենք, շատերն, ովքեր հնարավորություն չեն ունեցել տեսնելու ցուցահանդեսը, այս ընթացքում հնարավոր կլինի դիտել այն:
Ցուցահանդեսը բաց է լինելու նաև ապրիլի 7-ին՝ Մայրության և գեղեցկության տոնին, քանի որ ցուցահանդեսը շատ խորհրդանշական է այս առումով»,- նշեց թանգարանի տնօրենը:
Միջազգային ճանաչում վայելող հայկական Azat Mard բրենդը «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» աննախադեպ միջազգային ցուցահանդեսի ամփոփիչ միջոցառման ընթացքում ներկայացրեց իր նոր բացառիկ շապիկը՝ ձևավորված Անահիտ աստվածուհու բրոնզաձույլ արձանի պատկերով։
«Հավաքածուն նախագծելուց արդեն գիտեի, որ մյուս շաբաթ այն վաճառքում կլինի և առաջիկայում վաճառքից գոյացած գումարի 25 տոկոսը կուղղվի Աբովյան 3 հասցեում գտնվող շենքի վերակառուցմանը: Այս քայլով մենք փորձում ենք հայկական մշակույթը վերակենդանացնել»,- նշեց Azat Mard բրենդի հիմնադիր Գարեն Չոբանյանը:
Նրա կարծիքով՝ այն դիզայնը, որը ստեղծել ու նախագծել է, բավականին հարմարավետ է:
«Մեծապես ոգևորվել եմ Անահիտով և կարծում եմ, այն բանից հետո, երբ Անահիտը կլքի Երևանը, միևնույն է՝ կշարունակի ապրել իմ կողմից նախագծված շապիկների միջոցով»,- ամփոփեց Գարեն Չոբանյանը:
ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալահերը, երեկոյի ընթացքում՝ կարևորելով երկու երկրների մշակութային համագործակցությունը նշեց, որ իր համար մշտապես հաճույք է լինել նմանատիպ ցուցահանդեսներին:
«Ուրախ եմ, որ այս ցուցահանդեսում Մեծ Բրիտանիան ունի իր ներդրումը Հայաստանի մշակույթի զարգացման հարցում: Ուզում եմ շնորհավորել բոլորիս այս հիասքանչ ցուցահանդեսի համատեքստում, հատկապես այն նորության համար, որ Անահիտի ցուցահանդեսը երկարաձգվում է»,- ընդգծեց Ջոն Գալահերը:
Հիշեցնենք՝ Անահիտ աստվածուհու բրոնզաձույլ գլուխն ու ձեռքը, որ պահվում են Բրիտանական թանգարանում, 2024 թվականին տեղափոխվել են Հայաստանի պատմության թանգարան: