Կյանքից վերցված թեմաներ՝ համեմված սուր հումորով. կայացավ Մհեր Մխիթարյանի «Ես չեմ, դու ես» սթենդ ափ շոուի պրեմիերան

Անկեղծ, սուր հումորով, կյանքից վերցված թեմաներով…

«Բոհեմ» թատրոնում կայացավ դերասան, հումորիստ Մհեր Մխիթարյանի «Ես չեմ, դու ես» Stand-up comedy show-ի առաջնախաղը: 

«Տպավորություններս շատ լավն են, սպասում էի, որ հանդիսատեսի կողմից լավ արձագանք կստանա, բայց որ այսքան կծիծաղեն ու նման արձագանք կլինի, ակնեղծ՝ չէի սպասում»,- ներկայացումից հետո՝ կիսվելով իր էմոցիաներով, Tert.am Life-ի հետ զրույցում ասաց Մհեր Մխիթարյանը:

«Ներկայացման գաղափարը վաղուց կար, քանի որ սա իմ թվով 2-րդ անհատական սթենդ ափ շոուն է: Աշխատել եմ նույն խմբի հետ՝ Գարիկ Գևորգյանի, Վազգեն Օհանյանի և Օնո Մանուկյանի, ովքեր այս բնագավառում հայտնի են»,- նշեց դերասանը:

Մհերի խոսքով՝ սթենդ ափում ներառված հումորը վերցված է իրական կյանքից, պարզապես մի քիչ գրոտեսկով է մատուցված:

Խոսելով սթենդ ափ ժանրի ու ֆիլմի տարբերություններից՝ դերասանն ընդգծեց, որ 2 ժանրում էլ կան բարդություններ, սակայն, սթնդ ափն ի տարբերություն ֆիլմի՝ մոնտաժի հնարավորություն չունի:

«Սա կենդանի հանդիպում է հանդիսատեսի հետ, այս առումով մի քիչ ավելի բարդ է, բայց քանի դեռ սիրում ես աշխատանքդ, բարդությունների տակից թեթև ես դուրս գալիս»,- անկեղծացավ Մհեր Մխիթարյանն ու խոստովանեց, որ այս անգամ ևս բեմում իմպրովիզից չի խուսափել:

«Իմպրովիզ արեցի ու բախտս բերեց՝ աշխատեց»,- նշեց դերասանը:

«Ես չեմ, դու ես» սթենդ ափի բոլոր տոմսերն արդեն սպառված են, իսկ Մհեր Մխիթարյանի կարծիքով՝ ներկայացման հաջողությունն ու շարունակություն ունենալը որոշում է հանդիսատեսը:

Ավելի վաղ, Tert.am Life-ն անդրադարձել էր  պրոդյուսերներ Մհեր Մխիթարյանի և Վահան Թովմասյանի Stand Up Level Up նոր հումորային ներկայացման առաջնախաղին:

Հիշեցնենք՝ Stand Up Level Up-ը թատրոնում նոր ձևաչափ էր, որտեղ Stand Up-ով էին հանդես գալիս տարբեր նախագծերից և համացանցից 7 հայտնի դեմքեր՝ Վահան Թովմասյանը, Մհեր Մխիթարյանը, Արմեն Սարգսյանը, Տիգրան Գևորգյանը, Վազգեն Օհանյանը, Նինա Տիտանյանը, Անդրանիկ Համբարձումյանը:

Կիսվել սոց․ ցանցերում