Պետք է միջավայր ստեղծվի, որպեսզի Նիկոլ Փաշինյանը կարողանա Հայաստանին խաղաղություն բերել․ Սաջադ Քարիմ

Եվրոպական խորհրդարանի նախկին պատգամավոր Սաջադ Քարիմը կարծում է, որ միջավայր պետք է ստեղծվի, որպեսզի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարողանա Հայաստանը խաղաղ հանգրվանի հասցնել։

Ըստ նրա՝ այդ հարցում դերակատարում կարող են ունենալ ինչպես ԱՄՆ-ը, Միացյալ Թագավորությունն ու Եվրոպական Միությունը, այնպես էլ Ադրբեջանի նախագահի դաշնակից երկրների ղեկավարներն ու պաշտոնյաները։

Եվրոպական խորհրդարանի նախկին պատգամավորն այս մասին գրել է X-ի (նախկին՝ «Թվիթեր») միկրոբլոգում՝  կիսվելով Հայաստանի վարչապետի՝ Politico-ին տված հարցազրույցով։

«Միջավայր պետք է ստեղծվի, որը թույլ կտա վարչապետ Նիկոլ Փաշինյանին խաղաղություն բերել Հայաստանին։ Ադրբեջանի նախագահի դաշնակից և այլ բարեկամ երկրները կարող են օգնել այդ միջավայրը ստեղծելու հարցում, որպեսզի հայերը գլոբալ առումով տեսնեն խաղաղության օգուտները իրենց ազգի համար»,- գրել է նա։

Սաջադ Քարիմը հավելել է, որ Թուրքիան քննարկումների մաս է, իսկ դերակատարում ունենալու ներուժ ունի նաև Պակիստանը։ Քարիմը իր գրառման մեջ նշել է նաև Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին։

Կիսվել սոց․ ցանցերում