Ազատ արձակել Ադրբեջանում անօրինական կերպով ձերբակալված հայտնի ընդդիմադիր գործիչ Գուբադ Իբադօղլուին, դատապարտել Ադրբեջանում մարդու իրավունքների լուրջ խախտումները, ինչպես նաև պատժամիջոցներ սահմանել մարդու իրավունքների խախտումներ իրականացրած ադրբեջանցի պաշտոնյաների նկատմամբ։
Այս պահանջով և 539 կողմ, 6 դեմ, 24 ձեռնպահ ձայներով բանաձև է ընդունվել Եվրոպական խորհրդարանում:
Գուբադ Իբադօղլուն, ըստ բանաձևում ներառնված տեղեկատվության, 2023 թ․ հուլիսի 23-ին դաժան հարձակման է ենթարկվել և կամայական ձերբակալվել: Մինչ օրս կասկածելի մեղադրանքներով դեռ բանտում է։ նրան սպառնում է 12 տարվա ազատազրկում «շինծու մեղադրանքներով:
Ընդդիմադիր գործիչը հայտնի է Ադրբեջանի կառավարության խիստ քննադատությամբ՝ կապված կոռուպցիայի, հանրային ֆինանսների անարդյունավետ կառավարման, թափանցիկության բացակայության հետ։
Եվրոպական խորհրդարան ներկայացված բանաձևի համաձայն, ներկայում Ադրբեջանում կա շուրջ 200 քաղբանտարկյալ, այդ թվում՝ լրագրողներ, իրավապաշտպաններ, ընդդիմադիր քաղաքական գործիչներ։
Բանաձևով կոչ է արվում Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների դեպքերը բարձրաձայնել բոլոր երկկողմ հանդիպումների և ապագա գործընկերության համաձայնագրեր կնքելու շուրջ բանակցությունների ժամանակ։ Նշվում է, որ այդ համաձայնագրերի կնքման պայման պետք է հանդիսանա բոլոր քաղբանտարկյալների ազատ արձակումը։
