«ԴԵՄ ԵՄ» ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄ
Պաշտոնական հայտարարություն
«ԴԵՄ ԵՄ» քաղաքացիական շարժումը հիմնադրվել է Վանիկ Նիկոյանի և Պավել Մուսաելյանի կողմից՝ ի պատասխան այն բազմամարդ բողոքների և դժգոհության, որոնք տարիներ շարունակ կուտակվել են մեր համաքաղաքացիների շրջանում։
Մենք ականատես ենք եղել, թե ինչպես են քաղաքացիների խնդիրները մնում անլուծելի՝ անկախ այն հանգամանքից, թե ով է գտնվել իշխանության ղեկին։ Ժողովրդի ձայնը անտեսվել է ինչպես նախկին, այնպես էլ ներկա իշխանությունների կողմից։
Մեր նախաձեռնության հիմքում ընկած է պարզ, բայց վճռական գաղափար․ քաղաքացուն այլևս չի կարելի բեռնել նոր խնդիրներով, մինչդեռ նա դեռ կրում է վերջին 30 տարիների ընթացքում կուտակված սոցիալական և օրենսդրական ծանր բեռը։
Մենք չենք կարող անտարբեր մնալ այն իրավիճակին, երբ նոր ընդունվող օրենքներն ու որոշումները ոչ թե բարելավում, այլ խոչընդոտում են քաղաքացու կյանքի որակի բարձրացմանը։
«ԴԵՄ ԵՄ» շարժումը կոչ է ուղղում բոլորին՝ միավորվելու, պահանջելու արդարություն, և հասնելու գործնական լուծումների։
ՓՈՒԼ ԱՌԱՋԻՆ
Ես՝ Վանիկ Նիկոյանս, որպես «ԴԵՄ ԵՄ» քաղաքացիական շարժման նախաձեռնող նախագահ, հանրային օրակարգ եմ բերում հիմնարար և երկար սպասված պահանջ․
Հայաստանի ընտրական քվեաթերթիկում պարտադիր պետք է ավելացվի «Բոլորին դեմ եմ» քվեարկության տարբերակը։
Սա պարզապես տեխնիկական փոփոխություն չէ։ Սա ժողովրդի քաղաքական կամքի իրական արտահայտման իրավունքի վերականգնում է։
Քաղաքացին իրավունք ունի ոչ միայն ընտրել, այլ նաև բացահայտ ասել․ «Ես չեմ ընդունում այս առաջարկվող քաղաքական ընտրանքը»։
Այս պահանջը դառնում է մեր պայքարի նոր փուլի մեկնարկը։ Այս պահից սկսած՝ «Բոլորին դեմ եմ» քվեարկության իրավունքը դառնում է հասարակական ճնշման, քաղաքական պահանջի և ժողովրդական պայքարի առանցքային կետ։
Պայքարի մեկնարկը համարեք տրված։ Մեկնարկի ավարտի մասին մենք բոլորս կիմանանք՝ բացառապես հրապարակային հայտարարությամբ։
Ժողովրդի ձայնը պետք է լսելի լինի՝ առանց պարտադրանքի, առանց կեղծ ընտրության։
Մենք ձգտում ենք ստեղծել հասարակական այնպիսի մթնոլորտ, որտեղ յուրաքանչյուր քաղաքացու ձայնը կլսվի, իսկ նրա իրավունքները՝ կպաշտպանվեն։
Մենք՝ հիմնադիրներս, հայտարարում ենք գաղափարական համախմբման սկիզբը։
Մեր պայքարը ոչ թե անձերի, այլ անարդարության և անտարբերության դեմ է։
Մենք ԴԵՄ ԵՆՔ անարդարությանը։
Մենք ԴԵՄ ԵՆՔ անտարբերությանը։
Եկե՛ք միասին փոխենք մեր երկրի և մեր կյանքի որակը դեպի լավը։ Միացե՛ք շարժմանը, որը տարբերվում է նախկինում եղած բազմաթիվ անարդյունավետ նախաձեռնություններից։
Մենք պարզապես փողոցային շարժում չենք։ Մենք գործելու, փոփոխություններ բերելու և իրական արդյունքներ ապահովելու շարժում ենք։
Եթե ցանկանում եք մասնակցել մեր քննարկումներին, դառնալ խորհրդի անդամ և ակտիվորեն ներգրավվել շարժման զարգացման գործում, դիմե՛ք մեզ հետևյալ հեռախոսահամարով՝ 043 708 455
Միասին կարող ենք փոխել մեր իրականությունը։
«ԴԵՄ ԵՄ» ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄ
