Սիրելի հայրենակիցներ,
Շնորհակալ եմ բոլորիդ արձագանքների, մեկնաբանությունների և կարծիքների համար։ Ձեր մտահոգությունները, նույնիսկ ամենախիստ քննադատությունները, մեզ համար արժեքավոր են։ Սա է ժողովրդավարության ոգին՝ խոսքի ազատություն, առողջ բանավեճ և հանրային հաշվետվողականություն։

«ԴԵՄ ԵՄ» քաղաքացիական շարժումը ոչ թե կուսակցություն է, ոչ էլ հարթակ՝ իշխանության կամ աթոռների համար պայքարելու համար։ Սա հասարակական շարժում է՝ նպատակ ունենալով միավորել այն մարդկանց, ովքեր տարիներով մնացել են անտեսված, և ուզում են իրական փոփոխություն՝ առանց պարտադիր կերպով որևէ քաղաքական ուժին միանալու։
Մենք դեմ ենք անարդարությանը, անպատասխանատվությանը և անտարբերությանը։ Եվ կողմ ենք՝ ժողովրդին, նրա բարեկեցությանը և իր ձայնը հնչեցնելու հնարավորությանը։ Եթե կա գաղափար, որին բոլորս կարող ենք կողմ լինել՝ ուրեմն եկեք խոսենք այդ գաղափարի շուրջ, ոչ թե լռենք։ Մենք միայն դեմ չենք, մենք նաև առաջարկներ ենք մշակելու՝ հիմնված քաղաքացիների կոնկրետ խնդիրների վրա։

Շարժումը անկախ է նախկիններից, ներկաներից ու ապագա հնարավոր շահառուներից։ Մենք ոչ մեկի «պրոյեկտը» չենք, չունենք հովանավորներ, չունենք պատվիրատուներ։ Մեր շարժումը ծնվել է քաղաքացու պահանջից։ Եթե նախկինում հիասթափվել եք, սա չի նշանակում, որ այլևս չպետք է փորձել բան փոխել։ Մենք չենք սպասում, որ ինչ-որ մեկը մեր փոխարեն կփոխի մեր կյանքը։ Մենք ինքներս պատրաստակամ ենք մեր քարը դնելուն այս աշխարիկ կյանքը էլ ավելի լավը դարձնելուն։ Ճարտարապետության մեջ յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի իր պատկերացրած տաճարին իր քարը դնի կառուցելով էլ ավի լավը։
«Դեմ» բառի շուրջ թյուրըմբռնումը
Շարժման անվան մեջ «ԴԵՄ ԵՄ»-ը վերաբերում է անարդարության դեմ լինելուն, ոչ թե իշխանության դեմ, կամ ինչ-որ ուժի դեմ։ Մենք դեմ ենք այն իրավիճակին, երբ քաղաքացու իրավունքները ոտնահարվում են։ Մեր ծրագիրը դեռ հրապարակման փուլում է՝ աշխատում ենք դրա վրա։ Բայց սկզբունքը պարզ է՝ քաղաքացին պիտի լինի ոչ թե զոհ, այլ որոշող։
Միասնության և մասնատվածության հարցը
Մենք ևս կարծում ենք, որ ժողովուրդը պետք է միավորվի, բայց իրական միասնություն չի կարող լինել առանց ազատ խոսքի, քննադատության և պահանջատիրության։ Խաղաղ միավորման կոչ ենք անում՝ առանց պառակտման։ Եթե բոլորը լռեն «միասնության» պատրվակով, կշարունակվեն սխալները։ Իսկ մենք ուզում ենք իրավիճակ փոխել՝ միասին, բաց, ազնիվ ձևով։
Վիրավորանքներին ու ագրեսիվ մեկնաբանություններին պատասխանը
Մենք չենք արձագանքում վիրավորանքներին նույն տոնով։ Դրանք խոսում են մարդկանց ցավի ու հիասթափության մասին, ոչ թե մեր շարժման բովանդակության։ Մենք շարունակելու ենք հարգանքով ու հանգիստ լեզվով խոսել։ Մեր նպատակը քննարկում հրահրելն է՝ ոչ թե պայքար մարդկանց դեմ։
Ի՞նչ եք պատրաստվում անել՝ գործնական մասի վերաբերյալ
Մենք հենց հիմա կազմավորում ենք թիմ, ստեղծում ենք հարթակներ քաղաքացիների հետ շփման համար։ Մենք աշխատում ենք՝ ոլորտ առ ոլորտ, փաստաթղթերի, առաջարկությունների և խնդիրների լուծման ձևերի վրա։ Այս շարժումը երկարաժամկետ նախաձեռնություն է։ Եթե ուզում եք մասնակցել՝ միշտ բաց ենք համագործակցության համար։ Սա միասնական աշխատանք է, ոչ թե վերևից հրահանգ։
Ներկա իշխանությունների քննադատության վերաբերյալ
Մենք չենք պայքարում անձերի դեմ։ Մենք քննադատում ենք կոնկրետ երևույթներ՝ բարձր գներ, անարդար վճիռներ, անտեսված խնդիրներ։ Դա առողջ քաղաքացիական դիրքորոշում է՝ ոչ թե ապակայունացում։ Եթե ամեն քաղաքացի լռի, ոչինչ չի փոխվի։ Իսկ մենք հավատում ենք՝ փոփոխությունը սկսվում է ձայնը բարձրացնելուց։
Հարգանքներով՝
ԴԵՄ ԵՄ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ ՀԻՄՆԱԴԻՐ ՎԱՆԻԿ ՆԻԿՈՅԱՆ