«Ինձ համար մեծ մենաշնորհ է նորից Հայաստանում գտնվել: Ես և իմ գործընկերը՝ դոկտոր Ջոն Էբները, Հայաստանում ենք եղել բազմաթիվ անգամներ և 30 տարի առաջ գրել ենք մի զեկույց, թե ինչ էր տեղի ունենում այդ օրերին և դեռ այսօր ԼՂ-ում»:
Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանում գտնվող Մեծ Բրիտանիայի լորդերի պալատի անդամ բարոնուհի Քերոլայն Քոքսը, որը հանդես է եկել ասուլիսով:
«30 տարի անց վերադառնում ենք կրկին, և, ցավոք սրտի, իրավիճակը Ղարաբաղում չի բարելավել:
Մենք բոլորս հիշում ենք ղարաբաղյան առաջին պատերազմի սարսափները, և անձամբ ես այնտեղ եմ եղել բազմիցս և տեսել Ադրբեջանի կողմից այս ժողովրդին հասցված հսկայական տառապանքը: Տասնյակ հազարավոր մարդիկ իրենց կյանքը զոհեցին՝ պաշտպանելու համար իրենց հայրենիքը, անձամբ ականատես եմ եղել Ադրբեջանի կողմից օրական 400 գրադ հրթիռների տեղատարափին Ստեփանակերտում, ինչպես նաև ականատես եմ եղել 500 կիլոգրամանոց ռումբերով հրթիռակոծության քաղաքացիական տների վրա, ականատես եմ եղել ջարդերի, վայրագությունների, բռնի տեղահանման: Եվ մեծ ցավով եմ հիշում՝ երբ արցախցիները օգնություն կանչեցին, աշխարհին կանչեցին, իսկ աշխարհը նախընտրեց չլսել»,- նկատել է նա:
Քերելայն Քոքսը նշել է, որ այս շաբաթ այցելել են Սյունիք, եղել Տեղ համայնքում և սեփական աչքերով տեսել այն վայրերը, որտեղ ադրբեջանական ուժերը ներխուժել են հայկական հողերը: Եղել են նաև Լաչինի միջանցքի այն հատվածում, որտեղ հումանիտար բեռներով բեռնված բեռնատարների մուտքը այդպես էլ արգելված է ԼՂ:
«Մենք տեսանք ադրբեջանական անցակետը, որն ապօրինաբար թույլ չի տալիս մարդասիրական բեռների տեղափոխումը միջանցքով: Արցախի բնիկ հայ քրիստոնյա բնակչությունը կանգնած է իր պատմական հողերից էթնիկ և կրոնական զտումների աճող հավանականության առջև, և դեռ ոչ մի ազգ չի արձագանքել հայ ժողովրդի աղաղակներին, ո՛չ ՄԱԿ-ը, ո՛չ ԵԱՀԿ-ն, ո՛չ ԱՄՆ-ն, ո՛չ ՆԱՏՕ-ն, ո՛չ ՌԴ-ն և ո՛չ էլ ՀԱՊԿ-ի դաշինքը: Հետևաբար հարց է առաջանում՝ միջազգային հանրությունից ո՞վ տեր կկանգնի, եթե Բաքուն տարածքային հավակնություններ ունենա Երևանի հանդեպ, Սևանա լճի կամ Զանգեզուրի նկատմամբ: Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը չի թաքցրել իր ռազմավարական նպատակը»,- ասել է նա:
Վերջինս նկատել է՝ խորապես վշտացած են միջազգային գերտերությունների գործողություններից, որոնք շարունակում են ճնշում գործադրել Հայաստանի վրա՝ ընդունելու Ադրբեջանի ինքնիշխանությունը ԼՂ նկատմամբ:
«Եվ ավելի քան 120 հազար բնիկ հայեր այսպիսով կդառնան ավտորիտար պետության քաղաքացիներ: Բարեկամներ, առանց հայկական Արցախի, ՀՀ գոյությունն էլ ավելի կվտանգվի, քան այն վտանգված է այսօր, պատմությունը ցույց է տալիս, որ Հայաստանը մեկուսացված է՝ միջազգային աջակցությունից զուրկ է, նույնիսկ ձեր ամենամոտ դաշնակիցները գնահատական չեն տվել ձեր ժողովրդին հասցված տառապանքներին: Ծանր սրտով պետք է ընդունենք այն հավանականությունը, որ Հայոց ցեղասպանությունը չի ավարտվել: Կան նրանք, ովքեր ցանկանում են այն ավարտին հասցնել, և կան նրանք, ովքեր չեն ցանկանում դադարեցնել այն: Ձեր ազգի այս վճռորոշ պահին իմ հույսն ու աղոթքն է, որ շարունակեք բարձր պահել Արցախի համար պայքարը՝ որպես միասնության խորհրդանիշ:
Շնորհակալ եմ, որ պահում եք հավատքի առաջնագիծը աշխարհի և մնացած բոլոր ազգերի համար»,- նշել է Քերոլայն Քոքսը:
