Ընտրակաշառք տալու, ստանալու, ինչպես նաև ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելու առերևույթ հանցագործությունների դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթներից մեկով պարզվել է, որ Գյումրի համայնքի 2025 թվականի մարտի 30-ին նշանակված ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունների դաշինքի թեկնածուն բարեգործության անվան տակ ընտրողին դրամ և ապրանք խոստանալու եղանակով խախտել է բարեգործության արգելքը:
Այս մասին տեղեկացնում են Հակակոռուպցիոն կոմիտեից:
«Մասնավորապես՝ դաշինքի թեկնածուն իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող՝ Գյումրի քաղաքի բնակչին խոստացել է անհրաժեշտ գումար տրամադրելու եղանակով ֆինանսավորել նրա կողմից ղեկավարվող պարային խմբի մասնակիցների հագուստների (տարազ) պատրաստման և ձեռքբերման գործընթացը՝ միաժամանակ խոստանալով ցուցակագրել պարային խմբի կահավորման համար անհրաժեշտ այլ ծախսերը՝ կուսակցության միջոցների հաշվին դրանք ապահովելու նպատակով:
Մեկ այլ քրեական վարույթի նախաքննությամբ էլ պարզվել է, որ Գյումրի քաղաքի բնակիչը, մի շարք անձանց հետ նախնական համաձայնությամբ, ընտրությանը մասնակցելու և իր ներկայացրած կուսակցությունների դաշինքի օգտին քվեարկելու համար երկու ընտրողի որպես ընտրակաշառք խոստացել և առաջարկել է դրամական միջոց: Վերջիններս ընդունել են առաջարկը՝ խոստանալով նշված ընտրակաշառքի դիմաց քվեարկել տվյալ կուսակցությունների դաշինքի օգտին:
Բացի այդ, նույն անձը հիշյալ ընտրողների հետ պայմանավորվել և նախնական համաձայնության է եկել ընտրությանը մասնակցելու և կուսակցությունների դաշինքի օգտին քվեարկելու նպատակով այլ ընտրողների նույնպես առաջարկել և տալ դրամական միջոցներ: Ըստ այդմ՝ նրանք վերցրել են ընտրելու իրավունք ունեցող մի շարք քաղաքացիների անձնական տվյալներ՝ նրանց ընտրակաշառք առաջարկելու պայմանով:
Ընտրակաշառք տալու, ստանալու ինչպես նաև բարեգործության արգելքը խախտելու համար ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով մեղադրանք է ներկայացվել 4 անձի, որոնց նկատմամբ որպես խափանման միջոցներ են կիրառվել վարչական հսկողությունն ու բացակայելու արգելքը: Բոլոր մեղադրյալներն իրենց մեղավոր են ճանաչել ներկայացված մեղադրանքում և տվել խոստովանական ցուցմունքեր:
Քրեական վարույթներով նախաքննությունն ավարտվել է: Դատախազի կողմից հաստատվել են մեղադրական եզրակացությունները, և վարույթների նյութերն ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Գյումրիում ձերբակալվել էր «Մեր քաղաքը» դաշինքի ավագանու անդամության թեկնածու Անահիտ Խալաթյանը, նույն ինքը՝ Գյումրիում հայտնի «Չոռնի Անոն»:
«Մեր քաղաքը» դաշինքի ավագանու թեկնածու Անահիտ Խալաթյանի՝ «Չոոռնի Անո»-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել վարչական հսկողությունը:
Նրա հետ ձերբակալված մյուս 2 կանայք՝ 75-ամյա և 90-ամյա, ազատ էին արձակվել ավելի վաղ, 75-ամյա կնոջ նկատմամբ ևս սահմանվել է վարչական հսկողություն:
