Ո՞վ է հաշվետու սերունդների խեղված ճաշակի, աղավաղված արժեքների, ապականված մշակույթի համար

Խոսում ենք կրթվելու անհրաժեշտությունից, բայց իրականությունը մեր աչքի առաջ մերկ է։
Սա է երեկվա «հայտնի» համերգից դուրս եկած բազմությունը։ Եվ հիմա ամենաառաջնային հարցը՝ ունե՞նք մենք մշակույթ։ Ունե՞նք մշակույթի նախարար, կրթության նախարար, թե՞ ուղղակի աթոռների տեր մարդիկ, որոնց համար արժեքը վերածվել է լոզունգի, իսկ պատասխանատվությունը՝ անորոշության։
Ի՞նչ գործ են իրականում կատարում երաժշտագետները։ Ինչի՞ համար են նրանք որպես գիտության աշխատողներ պետական գումար ստանում, եթե հասարակության հետ որևէ իրական աշխատանք չեն տանում, չեն բացատրում, չեն կրթում։ Հայկական երաժշտությունն այսօր քայլ առ քայլ մղվում է եզր՝ թուրքական ու ադրբեջանական մեղեդիների տակ հայերեն բառեր տեղադրելով ու մատուցելով դա որպես «ժամանակակից հայկական»։ Սա սոսկ ճաշակի աղճատում չէ։ Սա՝ մշակութային ցեղասպանություն է, ներքինից ուղղված հարված մեր ազգային ինքնությանը։
Եվ այս ամենի ֆոնին՝ պետական լռություն։ Ուղղակի լռություն։ Ոչ մի քայլ, ոչ մի դիրքորոշում, ոչ մի գործողություն։
Հարց եմ տալիս՝ ո՞վ է պատասխան տալու։ Ո՞վ է հաշվետու սերունդների խեղված ճաշակի, աղավաղված արժեքների, ապականված մշակույթի համար։ Եվ ամենագլխավորը՝ ե՞րբ ենք վերջապես լրջանալու։
Կիսվել սոց․ ցանցերում