27 ներկայացում աշխարհի տարբեր երկրներից․ «Արմմոնո» 23-րդ միջազգային թատերական փառատոնը մեկնարկել է

Ապրիլի 21-ից մայիսի 8-ը Երևանում անցկացվում է «Արմմոնո» 23-րդ միջազգային թատերական փառատոնը: Փառատոնի այս տարվա ծրագրում ընդգրկված է 27 ներկայացում:

Փառատոնի շրջանակում հյուրընկալվելու են հարևան երկրների, Ռումինիայի, Լեհաստանի, Ֆրանսիայի, ինչպես նաև այլ երկրների արտիստներ:

«Դրսի ներկայացումներն ընտրելիս հաշվի ենք առնում հանդիսատեսի  ճաշակը: Դա կարող է լինել, օրինակ, դասական գործ, ինչպես Մադոնա Շուբիթիձեի «Մեդեա»-ն՝ Վրաստանից, Մատեուշ Նովակի «Պան Թադեուշ» ներկայացումը՝ Լեհաստանից, Կաֆկայի պատմվածքների վրա հիմնված գործը Գերմանիայից՝ «Անտոնիո Վակա-Լագարես «Հաշվետվություն ակադեմիային», Անտոն Մոզգալյովի «Համլետ. Փսիխոզ»-ը՝ Ռուսաստանից և այսպես շարունակ»,- նշել է փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանն ու հավելեց․

««Արմմոնո»-ն  թե՛ երիտասարդ, թե՛ արդեն հասուն դերասաններին հնարավորություն է տալիս զգալու  հաջողության էներգիան: «Գնալով տարբեր երկրներ և լսելով ֆանտաստիկ, ջերմ խոսքեր՝ նրանք ավելի են զգում իրենց կարևորությունը և ավելի են աճում: Եվ այդ հաջողության էներգետիկան տարածվում է իրենց մյուս գործերի  վրա: Կա նաև մի ուրիշ բան՝ այն դերասանները, որոնք գուցե, իրենց թատրոններում այդքան էլ աչքի չեն ընկնում մոնոներկայացումներով, ղեկավարությունը սկսում է  այսկերպ նորովի բացահայտել նրանց»։

Փառատոնի օրերին Երևան կժամանեն միջազգային հեղինակավոր փառատոների տնօրեններ և փորձագետներ:  Փառատոնի պատվավոր հյուրը կլինի թատերագետ, արվեստագիտության թեկնածու, Ռուսաստանի թատերական արվեստի ինստիտուտի (ԳԻՏԻՍ)-ի դոցենտ, «Ոսկե դիմակ» Ռուսաստանի ազգային թատերական մրցանակաբաշխության փորձագետ Եկատերինա Մորոզովան (ՌԴ):

Փառատոնի շրջանակում տեղի կունենան հայտնի ֆրանսիացի գրող, դրամատուրգ և կինոռեժիսոր Մարգրիտ Դյուրասի պիեսների թատերականացված ընթերցումներ՝ Ֆրանկոֆոնիայի շրջանակում:

 

 

Կիսվել սոց․ ցանցերում