Ինչու՞ սիրիահայերը դեռ չեն վերադարձել Մետրոյի «Հանրապետություն» կայարանի տարածք

Lragrogh.com-ը անցյալ տարեվերջին անդրադարձել էր այն հարցին, որ Երեւանի Մետրոյի «Հանրապետություն» կայարանի տարածքում կասեցվել է սիրիահայերի առեւտրային գործունեությունը, տաղավարները  փակ են։ 2024թ. դեկտեմբերին մեր հարցմանն ի պատասխան՝ Երեւանի քաղաքապետարանից տեղեկացրել էին, որ այդ գործունեությունը վիճարկել է տարածքի նախկին վարձակալը, որից հետո դատական մարմինների կողմից արգելանք է դրվել հետագա գործունեության վրա, եւ այն կասեցվել է ԴԱՀԿ կողմից։ Տեղեկացրել էին նաեւ, որ դատական մարմինների գործողությունները դատարանում գտնվում են վիճարկման փուլում։

Քանի որ սիրիահայերի տաղավարները շարունակում են փակ մնալ, նրանցից ոմանք  ստիպված են պատվերով առաքումներ անել, մենք կրկին Երեւանի քաղաքապետարանից հետաքրքրվեցինք՝ կայացվե՞լ է, արդյոք, դատական վճիռ, սիրիահայերը շարունակելո՞ւ են իրենց առեւտրային գործունեությունը նշված տարածքում, թե՞ ոչ։

«Ի պատասխան Ձեր հարցման՝ տեղեկացնում ենք, որ Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքային դատարանի վարույթում քննվել է  թիվ   ԵԴ2/1315/02/24 քաղաքացիական գործն ըստ հայցի՝ «ԴԻԱԴԻՆ» ՍՊ  ընկերության ընդդեմ «Կարեն Դեմիրճյանի անվան Երեւանի մետրոպոլիտեն» ՓԲ ընկերության՝ վարձակալության պայմանագրերը նույն պայմաններով եւ անորոշ ժամկետով վերսկսած համարելու պահանջի մասին։ Դատարանի 05.03.2025թ. վճռով հայցը բավարարվել է եւ վճռվել է՝ նույն պայմաններով ու անորոշ ժամկետով վերսկսած ճանաչել  «ԴԻԱԴԻՆ»  ՍՊ ընկերության եւ «Կարեն Դեմիրճյանի անվան Երեւանի մետրոպոլիտեն» ՓԲ ընկերության միջեւ կնքված 30.10.2012թ. ոչ բնակելի տարածքի վարձակալության N97-ՊԲ/12 պայմանագիրը, նույն պայմաններով ու անորոշ ժամկետով վերսկսած ճանաչել   «ԴԻԱԴԻՆ» ՍՊ ընկերության եւ «Կարեն Դեմիրճանի անվան Երեւանի մետրոպոլիտեն»    ՓԲ ընկերության միջեւ կնքված 28.10.2019թ. ոչ բնակելի տարածքի վարձակալության թիվ 22-ՄՊԲ/19  պայմանագիրը։ Նշված վճռի դեմ «Կարեն Դեմիրճյանի անվան Երեւանի մետրոպոլիտեն» ՓԲ ընկերության կողմից   նախատեսվում է բողոք ներկայացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանին»։

Սպասենք։

Կիսվել սոց․ ցանցերում