3 միլիոն դրամի ոսկեղեն գողացած տղամարդը կալանավորվել է:
Այս մասին հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը:
«Բնակարանային գողության վերաբերյալ ահազանգը Գեղարքունիքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն ստացվեց ապրիլի 18-ին՝ ժամը 22:17-ին: Մարզի Աստղաձոր գյուղի բնակիչը հայտնում էր, որ կոտրել են պատուհանն ու տարել ոսկեղեն:
Գեղարքունիքի քրեական ոստիկանները մեկնեցին դեպքի վայր: Ըստ տանտիրոջ`տնից դուրս էին եկել երեկոյան ժամը ութին, վերադարձել մեկուկես ժամից ու քիչ անց նկատել նախ կոտրած ապակին, ապա`նաև մոտ երեք միլիոն դրամի ոսկեղենի բացակայությունը:
Մարտունու քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ բնակարանային գողության հատկանիշներով։ Նման դեպքերում իրավապահների գործողությունների արագությունն էական նշանակություն է ունենում նաև գողոնի հայտնաբերման հարցում`կանխելով դրա իրացումը:
Գեղարքունիքի քրեական ոստիկանների վարկածը, որ այդ կարճ ժամանակում տուն մտնելն ու գողոնով հեռանալը, պատահական չէր: Նույնքան արագ պարզաբանումներից ու ճշգրտումներից հետո՝ ահազանգից ընդամենը երկու ժամ անց, պարզվեց բնակարանային գողությունը կատարած անձի ինքնությունը. տուժողի 34-ամյա համագյուղացին էր։ Վերջինս հայտնաբերվեց Մարտունի քաղաքում ու ձերբակալվեց։
Հետագա միջոցառումներով իրավապահներին հաջողվեց հայտնաբերել նաև գողացված ոսկեղենը՝ ողջ ծավալով։
34-ամյա աստղաձորցուն մեղադրանք է ներկայացվել։ Նա կալանավորվել ու տեղափոխվել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ։
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են»,- ասվում է հաղորդագրության մեջ։
