Սեպտեմբերի 16․ Օրվա խոսք` «Տերը հավատարիմ է։ Եվ եթե մենք էլ հավատարիմ գտնվենք Նրա հանդեպ, ապա վայելելու ենք Տեր Աստծո հավատարմության պտուղները թե՛ մեր և թե՛ մեր ընտանիքի անդամների կյանքում»:

«Բայց Տերը հավատարիմ է. նա ձեզ կհաստատի և կպահի չարից» (Բ Թեսաղոնիկեցիս 3.3): «Հավատարիմ է Աստված, որի կողմից կանչվեցիք նրա Որդուն՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսին հաղորդակից լինելու» (‭‭Ա Կորնթացիս 1.9‬): «Իսկ եթե մեր մեղքերը խոստովանենք, նա հավատարիմ է ու արդար՝ մեր մեղքերը ներելու մեզ և մաքրելու մեզ ամեն անիրավությունից» (‭‭Ա Հովհաննես‬ ‭1.9‬): «Եվ տեսա երկինքը բացված, և ահա մի սպիտակ ձի, որի վրա նստողը կոչվում էր «Հավատարիմ» ու «Ճշմարիտ»։ Նա արդարությամբ է դատում ու պատերազմում» (‭‭Հայտնություն‬ ‭19.11‬): «Աստված ապավեն և զորություն է մեզ համար. նա արագահաս օգնական է եղել նեղությունների մեջ։ Դրա համար էլ չենք վախենա, թեկուզև երկիրը ցնցվի, և լեռները գցվեն ծովի մեջտեղը։ Թող գոռան և եռան նրա ջրերը, նրանց ալեկոծությունից թող դողդողան լեռները։ (Սելա)» (‭‭Սաղմոս‬ ‭46․1-3)։ «Որովհետև Տերը երեսից չի գցում իր ժողովրդին և չի թողնում իր ժառանգությունը» (‭‭Սաղմոս‬ ‭94․14)։ «Տիրոջ կողմից են հաստատվում մարդու քայլերը, և նա հավանում է նրա ընթացքը։ Թեկուզև ցած ընկնի, չի կործանվելու, որովհետև Տերը բռնում է նրա ձեռքից։ Ես երեխա էի և ծերացա, բայց արդարին Աստծուց լքված չտեսա և նրա զավակին՝ հաց մուրացող» (‭‭Սաղմոս‬ ‭37․23–25)։ «Տերն ապավեն է խեղճին, ապավեն՝ նեղության ժամանակներում։ Եվ քեզ պիտի հուսան քո անունը ճանաչողները, որովհետև դու չես լքում քեզ փնտրողներին, Տե՛ր» (‭‭Սաղմոս‬ ‭9․9–10‬)։ «Աստված մարդ չէ, որ սուտ խոսի, Ոչ էլ մարդու որդի, որ զղջա։ Մի՞թե կասի և չի անի Կամ կխոսի և չի՞ կատարի» (‭‭Թվոց ‭23․19‬) ։ «Սրանք ես իմ միտքն եմ բերում, ուստի և հույս ունեմ։ Տիրոջ ողորմությունը չի դադարում, նրա գթությունը վերջ չունի։ Նրանք ամեն առավոտ նորանում են. մեծ է քո հավատարմությունը։ «Տերն է իմ բաժինը,- ասաց իմ հոգին,- ուստի ես նրան եմ հուսալու»։ Տերը բարի է իրեն հուսացողներին, այն անձին, որը նրան է փնտրում։ Լավ է լռությամբ սպասել, սպասել Տիրոջ փրկությանը» (Ողբ Երեմիայի‬ ‭3․21–26‬)։ «Աստծո գործը կատարյալ է, Քանզի արդար են նրա բոլոր ճանապարհները։ Աստված հավատարիմ է և անիրավություն չունի։ Արդար և ուղիղ է նա» ‭‭(Բ Օրինաց ‭32․4‬)։ «Հավատարիմ է նա, ով կանչեց ձեզ, և որը դեռ կանի» (‭‭Ա Թեսաղոնիկեցիս ‭5․24‬)։ «Ոչ մի բան պակաս չմնաց այն բոլոր բարի խոսքերից, որ Տերն ասել էր Իսրայելի տան համար. բոլորը կատարվեցին» (Հեսու‬ ‭21․45‬)։ «Տերը խոստումը չի ուշացնի, ինչպես ոմանք կարծում են, թե ուշացնում է, այլ մեր նկատմամբ համբերատար է, որովհետև չի ցանկանում, որ որևէ մեկը կորստյան մատնվի, այլ որ բոլորն էլ ապաշխարության գան» (‭‭Բ Պետրոս ‭3․9‬)։ «Իմացի՛ր ուրեմն, որ քո Տեր Աստվածն է Աստված, հավատարիմ Աստվածը, որ իրեն սիրողների և իր պատվիրանները պահողների մինչև հազարերորդ սերունդը ուխտ ու ողորմածություն է պահում» (‭‭Բ Օրինաց‬ ‭7․9‬)։‬‬ Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, թող քո օրը լեցուն լինի աստվածաշնչյան այս խոսքերի շուրջ մտորումներով և դրանց հիման վրա կատարված աղոթքներով։ Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։ Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Կիսվել սոց․ ցանցերում