Պրեմիերա. բեմում արհեստական բանականության և իրական զգացմունքների բախումն է. հերոսին՝ ռոբոտին մարմնավորում է Սաշա Սուքիասյանը

«Արմմոնո» փառատոնի շրջանակներում, «Փոքր» թատրոնի լեփ լեցուն դահլիճում կայացավ «Հումանոիդ» մոնոներկայացման պրեմիերան:

Պիեսի հեղինակը Նարեկ Մանուչարյանն է, բեմադրիչը Շուշան Ղազարյանը, գլխավոր հերոսին մարմնավորում է Սաշա Սուքիասյանը:

Պիեսի հիմքում արհեստական բանականության և իրական զգացմունքների բախումն է:

Մոնոներկայացում բեմադրելու գաղափարը ռեժիսոր Շուշան Ղազարյանի մտքում շատ երկար ժամանակ էր պտտվում: Սկզբում նույնիսկ մտածում էր անձամբ խաղալու մասին, բայց, ի վերջո, որոշեց բեմադրել:

«Գաղափարով կիսվեցի Նարեկ Մանուչարյանի հետ, ով համաձայնեց գրել պիես և, քանի որ ուզում էի Սաշի հետ աշխատել, նա գրեց պիես հատուկ Սաշի համար:

Այսօր արհեստական բանականությունը փորձում է խեղդել իրական զգացմունքներն ու արժեքները: Սա է ներկայացման հիմնական ասելիքը»,- Tert.am Life-ի հետ զրույցում ասաց Շուշան Ղազարյանը:

Պիեսը պատմում է մարդկության կողմից ստեղծված Աբել անունով հումանոիդի պատմությունը։ Գիտնականների ստեղծած արհեստական բանականությամբ «Հումանոիդ»-ը մարդուց ոչնչով չի տարբերվում:

Ունի իր հիշողությունները, զգացողությունները, զգացմունքները։ Փորձարկման նպատակը՝ սառնասրտությամբ և բացարձակ անտարբերությամբ ընդունել կյանքի ցանկացած իրավիճակ, կարողանալ զսպել և կառավարել բոլոր զգացմունքները՝ ցասում, ուրախություն, դառնություն, կարոտ, վիշտ և սեր…

 

Ներկայացման ողջ ընթացքում հանդիսատեսը տեսնում է «Հումանոիդ»-ի հիշողություններն ու ապրումները մանկությունից մինչև հասուն տարիք։

«Տեսնում ենք նրա ըմբոստությունը և անհամաձայնությունը, պայքարը անարդարության, ստի ու կեղծիքի դեմ, տեսնում ենք փորձարկման խափանումը և տապալումը, երբ արհեստական բանականությունը բախվում է իրական զգացմունքների հետ»,- պատմեց բեմադրիչը:

Կիսվել սոց․ ցանցերում