Ինչպես արդեն հայտնել ենք, Երևանի քաղաքապետարանի որոշմամբ՝ Պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրեն Էմին Թորոսյանն ազատվել է աշխատանքից:
Վաղվանից թատրոնի անձնակազմը պատրաստվում է գործադուլ անել՝ բոյկոտելով տնօրենին պաշտոնից ազատելու որոշումը:
Այս մասին Tert.am Life-ի հետ զրույցում ասաց դերասանուհի Անահիտ Ղուկասյանն ու նշեց, որ ինքն անձամբ դեմ է գործադուլին, բայց Էմինին պաշտոնից ազատելու որոշումն անհասկանալի ու անհիմն է համարում:
«Ես դեմ եմ գործադուլին, որովհետև այն երեխաները, որոնք ակնկալում են ներկայացում նայել, նրանք ոչ մի մեղք չունեն, որ Քաղաքապետարանում ոչ պրոֆեսիոնալ մարդիկ են նստած:
Բայց, որ Քաղաքապետարանի որոշ ատյաններին պետք է խելքի բելել, դա պարտադիր է»,- Tert.am Life-ի հետ զրույցում ասաց դերասանուհին:
Անդրադառնալով համացանցում շրջանառվող լուրերին, թե իբրև Էմին Թորոսյանին փոխարինելու է դերասանուհի Տաթև Հովակիմյանը, Անահիտ Ղուկասյանն արձագանքեց.
«Ինձ համար բացարձակ միևնույն է, թե Տաթևն ով է, դա ինձ բացարձակ հետաքրքիր չէ: Ինձ հետաքրքիր է մեր թատրոնի տնօրենը, որովհետև նա շատ գիտակ, կոմպետենտ ու բացարձակ պարկեշտ մարդ է, և մեր թատրոնի համար է: Ինչի՞ են հանել, թո՛ղ բացատրեն, որ Տաթևին բերե՞ն: Տաթևն ո՞վ է»,- նշեց նա:
Դերասանուհի Անահիտ Ղուկասյանը հավելեց, որ իրեն ամբողջ հայ ժողովուրդն է ճանաչում, այնինչ՝ Քաղաքապետարանում չգիտեն, թե նա ով է:
«Եթե իրենք չեն ճանաչում, դա իրենց խնդիրն է, որովհետև դա նշանակում է ո՛չ դպրոց են գնացել, ո՛չ գիտեն թատրոնի տեղը, ո՛չ էլ երբևէ կինո են նայել, այսինքն՝ անգրագետ են:
Դա իրենց մեղքն է, իմ մեղքը չէ, որ ես գնում, հասնում եմ Քաղաքապետարան, ասում են՝ այն կինն ո՞վ էր, որ եկել էր: Դա է մեր Քաղաքապետարանի մակարդակը»,- եզրափակեց Անահիտ Ղուկասյանը:
