Ադрբեջшնն ավելի շատ զե նք է ձեռք բերում, բայց փոխարենը վայնասուն է բարձրացնում, երբ մենք Հնդկաստանից զե նք ենք ձեռք բերում

Արցախյան առաջին պատերազմի մասնակից, նախկին քաղբանտարկյալ  Վարդան Մալխասյանը հիշում է, որ դեռեւս 1989թ., երբ դեռ նոր էր սկսվել հայ-ադրբեջանական հակամարտությունը, աշխատում էր Աշտարակի ոստիկանության քրեական հետախուզությունում:

«Այն ժամանակ էլ ծագեց սահմանները պաշտպանելու խնդիրը, սակայն բանակ չունենք: Ձեւավորվեցին կամավորական ջոկատներ` տարբեր մարզերից, բայց նաեւ ոստիկանությունը պետք է ստանձներ այդ գործը: Ինձ մեկ տարով ուղարկեցին Գորիս, որպեսզի այնտեղ հերթապահություն իրականացնեմ: Այնտեղ հովիվների վրա հեռվից կրակում էին, ես էլ հերթապահել եմ Խնձորեսկ, Կոռնիձոր, Խնածախ գյուղերում, Մեղրիում, Կապանում: Հիշում եմ, որ ավտոբուսներն անցնում  էին  Շուռնուխի միջով, ծառերի վրայից թուրքերը նռնակներ էին նետում ավտոբուսների վրա, մենք զինված ուղեկցում էինք ավտոբուսներին: 1990թ. ինձ հետ կանչեցին Գորիսից, նշանակեցին Աշտարակի ոստիկանապետ: Բայց մենք էլի շարունակեցինք սահմանների պաշտպանության գործը, այս անգամ` Վարդենիսի հատվածում: Այդ հատվածում նախկին ադրբեջանցիներ էին ապրում, դուրս էին եկել, մի փոքրիկ գյուղ կար, կոչվում էր Դարա, այդ գյուղի ադրբեջանաբնակները փախել էին, եկել էին Բաքվի հայեր, բայց էլի կրակում էին իրար վրա: Այդ գյուղի պաշտպանությունը ստանձնեցինք յոթ-ութ ամիս, ես ազատամարտին մասնակցել եմ ոստիկանության ուժերի կողմից»   ,- հիշում է Վարդան Մալխասյանը:

Հայաստանը 88-ից սկսած տեսավ թե’ հաղթանակ, թե’ պարտություն: Իտալացի նշանագետ, փիլիսոփա Ումբերտո Էկոն ասում է. «Պատերազմը թույլ է տալիս, որ համայնքն իրեն որպես ազգ ճանաչի»:   Վարդան Մալխասյանից հետաքրքրվեցինք, թե պարտությունն անցած տարիների ընթացքում ինչ փոխեց  մեր մտածողության, հոգեբանության մեջ:

«Հաղթանակներն ազգերին ավելի շատ վնասում են: Ազգերը սկսում են այդ հաղթանակներով ոգեւորվել, շփանալ, ցոփ ու շվայտ կյանք վարել: Տեսեք, մենք ունեինք հրաշալի ազատամարտիկներ, որոնց ես երբ տեսնում էի, ասում էի` Հայաստանում նրանց նման ազնիվ, հայրենասեր  մարդիկ չկան: Սակայն նրանք վերադարձան, պաշտոններ ու սեփականություն ձեռք բերեցին եւ փչացան, խայտառակվեցին: Եվ ազատամարտիկի, հերոսի կերպարը շատերը չկարողացան պահել: Նյութապաշտությունը շատերին փչացրեց: Գեւորգ Էմինն է, չէ՞, ասել, որ պարտությունն ունի անգամ հպարտություն: Պարտությունն ազգին սթափեցնում է,  խելքի է բերում: Ես մի հետեւության եմ եկել, որ պատմությունը շատ լուրջ գիտություն է: Պատմությունը խորապես իմանալը հնարավորություն է տալիս ուղղել անցյալի սխալները, դրա հիման վրա ուժեղացնել հայրենասիրությունը, ազգի բարոյական նկարագիրը եւ կերտել հուսալի ու լավ ապագա: Եթե մենք մեր հերոսների սխրանքները վառ չպահենք, մենք ապագա չենք ունենա: Անցած տարիները մեծ դպրոց են մեզ համար: 35-36 տարվա պայքարի միակ օգուտն այն էր, որ Հայաստանը մաքրել ենք ադրբեջանցիներից: Մենք միշտ այն պատկերացումն ունենք, որ մենք խելացի ազգ ենք, թուրքերը հետամնաց են, բայց նրանք մեզնից ավելի հեռատես ու խորամանկ են որոշ հարցերում: Նրանք Հայաստանում բնակեցրել էին 300 հազարից ավելի ադրբեջանցի: Իրենք հաշվարկել էին, որ մինչեւ 2030թ. իրենց թվաքանակը կհավասարվի հայերի թվաքանակին, եւ իրենք առանց պատերազմի մեզ կնվաճեին: Դրա համար հիմա Ալիեւը վայնասուն է դրել, որ նորից հետ գան, որովհետեւ իրենց ծրագիրը ձախողվել է» ,-lragrogh.com-ի հետ զրույցում նշեց Վարդան Մալխասյանը:

Հարցին, թե կանխատեսելի՞ էր, արդյոք, Արցախի կորուստը, ազատամարտիկն արձագանքեց.  «Ճիշտն ասած, ես միշտ հոգուս խորքում կանխատեսել եմ, որ Արցախի հարցի լուծումը ճիշտ ճանապարհի վրա չէ, հեղհեղուկ վիճակ է: Այդ խնդիրը միշտ լղոզել են: Բոլորի օրոք էլ Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Վիճելին համարում էին ինքնորոշումը: Լավ, եթե խնդիրն ինքնորոշման մեջ էր, այդ դեպքում եթե Հայաստանը չէր ճանաչում Արցախը, մյուս պետություններն ինչո՞ւ պետք է ճանաչեին: Նույնն ասում էր ՌԴ նախագահ Վ. Պուտինը, այն դեպքում, երբ շատ բռնազավթված տարածքներ կցեց իր երկրին: Տեսեք, Լաչինը բնակեցրեցին, բայց մյուս վեց շրջանները չէին բնակեցնում, որովհետեւ հոգու խորքում համոզված էին, որ պետք է դրանք հանձնեն: Կարծում եմ, բոլոր տարբերակների մեջ լավագույնը Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջարկն էր` մասը հանձնել, որպեսզի մնացածը պահենք »:
Վարդան Մալխասյանից հետաքրքրվեցինք, թե իրատեսակա՞ն է համարում տեսանելի ապագայում խաղաղության հասնելը:

«Ես դա իրատեսական չեմ համարում: Մարդկության պատմությունը հիմնվում է զավթելու, ստրկացնելու, գերեվարելու վրա, ազդեցության գոտիներն ավելի ընդլայնելու վրա: Նժդեհն ասում էր, որ խաղաղություն չի լինի երբեք, խաղաղությունը պատերազմների ժամանակավոր դադար է միայն: Այսօր չի գործում միջազգային իրավունքը: Ադրբեջանն ավելի շատ զենք է ձեռք բերում, բայց փոխարենը վայնասուն է բարձրացնում, երբ մենք  Հնդկաստանից զենք ենք ձեռք բերում: Ֆ. Դոստոեւսկին ասել է` թուրքը քաջ է ոչխարի մոտ, իսկ քաջի մոտ ոչխար է: Հնարավոր է, որ աշխարհի հզորների հարկադրանքով ինչ-որ թուղթ ստորագրվի, չնայած դրան էլ եմ կասկածում, որովհետեւ ՌԴ-ն դա չի թողնի: Եթե Թուրքիան սահմանը բացի, դիվանագիտական հարաբերություններ հաստատվեն Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ, ապա ռուսական 102-րդ ռազմաբազան կհեռանա: Բայց ռուսներն այստեղ ավելի շատ են ուզում ամրանալ»,- նշեց մեր զրուցակիցը:

Որպես  ընթերցող` ի՞նչ է ակնկալում Վարդան Մալխասյանն այսօրվա գրողից, ինչպե՞ս պետք է արտացոլվեն մեր նորագույն շրջանի իրադարձությունները, պատերազմը, հաղթանակը, պարտությունը մեր գրականության մեջ:

Ըստ  Մալխասյանի` «ազգերի համար ամենամեծ ուսուցիչը պատմությունն է: Եթե նրանից դասեր չսերտեցիր, ուրեմն ապագադ մշուշոտ է: Տեսեք, երբ մենք դեռ պետություն չունեինք, Սովետի մասն էինք, մեր գրողները Հայրենական պատերազմի մասին ինչ գրքեր գրեցին: Դերենիկ Դեմիրճյանը  «Վարդանանք»   պատմավեպը գրեց, հերոսների կերպարները վառ էին պահում գրողները, որպեսզի ազգին միշտ զգոն պահեն» :

Թագուհի  Հակոբյան

Կիսվել սոց․ ցանցերում