Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն հայտարարել է, որ որոշ արևմտյան քաղաքական գործիչներ ցանկանում են հակամարտություն հրահրել ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև։
«Ռուսաստանին Ուկրաինայի պատերազմի միջոցով ոչնչացնելու ռազմավարության ձախողումը շատ արևմտյան քաղաքական գործիչների ստիպում է եզրակացնել, որ եթե դա չի հաջողվում ուկրաինական բանակի և նրան լիակատար աջակցություն ցուցաբերելու միջոցով, ապա պետք է ամեն ինչ անել ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև հակամարտություն հրահրելու համար»,- հայտարարել է Ֆիցոն։
Սլովակիայի վարչապետը միաժամանակ ընդունել է, որ պատերազմը սկսել է Ռուսաստանը՝ հարձակվելով Ուկրաինայի վրա։
Նրա խոսքով՝ եթե որևէ երկիր սեփական շահերից ելնելով ցանկանում է ռազմական հակամարտություն հրահրել ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև, ապա դրա պատասխանատվությունը պետք է կրի ինքնուրույն և չփոխանցի ՆԱՏՕ-ի մյուս անդամներին։
Ֆիցոն նաև հայտարարել է, որ իր կառավարության օրոք սլովակ զինվորները չեն ուղարկվի երկրի սահմաններից դուրս՝ Ռուսաստանի կամ որևէ այլ երկրի դեմ կռվելու համար։
Ավելի վաղ Ֆիցոն հայտարարել էր, որ չի ցանկանում, որ ՆԱՏՕ-ի 5-րդ հոդվածի պատճառով պատերազմը հասնի Սլովակիա։
