«Ես 57 տարեկան եմ, բայց 17 տարեկանի նման հուզվում եմ». Լևոն Հարությունյան

Թատրոնի կուլիսներում խառնշփոթ է, բոլորը լարված են ու սպասումներով լի: Մի քանի րոպեից կբացվի վարագույրն ու ամիսներ շարունակ լարված աշխատանքի արդյունքը կհանձնվի հանդիսատեսի դատին:

Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնի բեմում կայացավ ռեժիսոր Արթուր Սարիբեկյանի «Վճարված է» ներկայացման պրեմիերան:

Գլխավոր հերոսին մարմնավորում է Լևոն Հարությունյանը, դերասանական կազմում են Թամարա Գևորգյանը, Անուշիկ Առաքելյանը, Գուրգեն Սարգսյանը, Անդրանիկ Հարությունյանը, Կարինե Ոսկանյանը:

Ներկայացման պրոդյուսերներն են Հռիփսիմե Բասենցյանն ու Թամարա Գևորգյանը: Զգեստների ձևավորումն իրականացրել է Հռիփսիմե Մարոնյանը:

Tert.am Life-ը ներկա է եղել պրեմիերային, ներկայացումից առաջ ետնաբեմում զրուցել դերասանների հետ:

Ներկայացնում ենք «Վճարված է» ներկայացման առաջին ֆոտոշարքն ու մանրամասները:

«Պիեսը պատմում է մի մարդու մասին, ով ամբողջ կյանքում երազել է ունենալ ընտանիք:

Միշտ ունեցել է ֆինանսական կայուն վիճակ, բայց չի ունեցել ամենակարևորը՝ սեր, կին, երեխաներ, ընտանիք ու ընկերներ:

Հերոսն, ում մարմնավորում է Լևոն Հարությունյանը, որոշում է գումարով վարձակալել ընտանիք:

Տարբեր վայրերից վարձում է ընտանիքի անդամներին ու ստեղծում ընտանիք»,- Tert.am Life-ի հետ զրույցում ասաց ռեժիսոր Արթուր Սարիբեկյանը:

Նա նշեց, որ ներկայացումը դիտողին հետաքրքիր զարգացումներ են սպասվում, բայց չցանկացավ փակագծեր բացել, փոխարենը կոչ արեց՝ բաց չթողնել ներկայացումը:

Ներկայացումն ըստ Արթուր Սարիբեկյանի՝ 2 ժանրերի՝ կոմեդիայու և դրամայի բախում է:

«Մեր կյանքում ամենակարևորը ընտանիքն է, սա է ներկայացման հիմնական ասելիքը»,- նշեց ռեժիսորը:

Դերասանուհի Թամարա Գևորգյանը մարմնավորում է ամենադրամատիկ կերպարներից մեկին:

«Մարմանվորում եմ կանաչի վաճառող մի աղջկա, ով իր մանկությունն ու պատանեկությունն անցկացրել է փողոցում ու հիմա նրան առաջին անգամ ընտանիք ունենալու հնարավորություն է ընձեռվում: Թեպետ ընտանիքը արհեստական է, բայց իր համար շատ յուրահատուկ է:

Ներկայացման ամենաէմոցիոնալ կերպարներից է, որովհետև բոլորն ինչ-որ կերպ ունեցել են ընտանիքի մոդել, իսկ իմ հերոսուհին ընդհանրապես չի ունեցել»,- Tert.am Life-ի հետ զրույցում ասաց դերասանուհին:

Նրա խոսքով՝ թեև կոմեդիա է, բայց կերպարներից յուրաքանչյուրն իր ներսում ունի լիրիկական գծեր:

«Կոմեդիան միայն ծիծաղելու համար չէ, այն պետք է ասելիք ունենա, փորձել ենք դա ապահովել»,- պատմեց Թամարա Գևորգյանը:

Խոսելով իր և Լևոն Հարությունյանի՝ բեմում առաջին անգամ հանդիպման մասին, նշեց, որ իրենք 12 տարվա ընկերներ են:

«Լևոնի հետ աշխատելը հաճույք է, որովհետև տաղանդավոր արտիստ է: Թիմում բոլորը տաղանդավոր ու պրոֆեսիոնալ են, բոլորը ստեղծագործ ու ճկուն միտք ունեցող մարդիկ են: Մեկս մյուսին լրացնելով աշխատել ենք, դժվարությունները հաղթահարելով հասել ենք պրեմիերային»,- նշեց դերասանուհին, ով նաև հանդիսանում է որպես ներկայացման պրոդյուսեր:

«Իմ ու Հռիփսիմե Բասենցյանի 1-ին համագործակցությունն է, բարդ է հանդես գալ և՛ որպես դերասանուհի, և՛ որպես պրոդյուսեր, բայց Հռիփսիմեն վերջին օրերին իր ուսերին վերցրեց ծանրությունն ու թողեց, որ ես հանգիստ կենտրոնանամ դերի վրա»,- անկեղծացավ նա:

Պրեմիերայից առաջ ամենից շատ հուզված ու կուլիսներում անհանգիստ պտտվող Լևոն Հարությունյանը խոստովանեց՝ չի ուզում, որ փորձերն ավարտվեն:

«Ինձ հետաքրքրեց այս դերը, քանի որ այն մարդու մասին է, ում ամեն օր կհանդիպենք փողոցում: Մարդ, որ մի ամբողջ կյանք խուսափել է պատասխանատվությունից, բայց տարիների ընթացքում հասկացել, որ խուսափելն ամենավտանգավոր ու վախկոտ քայլն է յուրաքանչյուր տղամարդու կողմից:

Կերպարս մի մարդ է, որն ամբողջ կյանքում տրվել է աշխատանքին, ունեցել ամեն ինչ բացի ամենակարևորից՝ սեր, ընտանիք, զավակներ: Շատ նման տղամարդիկ կան, որ վախենում են պատասխանատվությունից, հատկապես նոր սերնդի մեջ:

Այս զգացողություններն ինձ հետաքրքրեց, առավելևս, որ տրագիկոմեդիան իմ սիրելի ժանրն է»,- պատմեց Լևոն Հարությունյանն ու պրեմիերայից րոպեներ առաջ ասաց, որ իր համար  փորձերն ավելի հետաքրքիր են, քան ներկայացումը:

«Պրեմիերայից առաջ շատ հուզված եմ:

Նոր ծնվող երեխա, պատասխանատվություն, որի համար վախենում եմ: Այն դերասանն, ով ասում է, որ ներկայացումից առաջ չի հուզվում, ուրեմն նա դեռ ոչինչ չի արել:

Ես 57 տարեկան եմ, բայց 17 տարեկանի նման հուզվում եմ»,- անկեղծացավ դերասանն ու ամփոփեց՝ պատասխանատվությունն ամենաթանկ բանն է այս աշխարհում:

Հեղինակ՝ Անի Մնացականյան

Լուսանկարները՝ Ռոբերտ Աբրահամյանի

Կիսվել սոց․ ցանցերում