ՎԵՐՋԻՆ ՍԿԻԶԲԸ ՄԽԻԹԱՐՅԱՆԻ ՈՒ ՄՅՈՒՍ ՎԵՏԵՐԱՆՆԵՐԻ ՀԱՄԱ՞Ր

Չեմպիոնների լիգայի եզրափակչում Միլանի «Ինտերը» ,ինչպես հայտնի է , բավականին ցավոտ հարված ստացավ՝ պարտվելով  ՊՍԺ-ին 5:0 հաշվով։ Այս խաղից հետո թիմի կիսապաշտպանների գործողությունները դարձան կոշտ գնահատականների հիմնական թիրախը իտալական մամուլում։

Սպորտային մեկնաբաններն ընդգծում են, որ միլանյան թիմի կիսապաշտպանները միանգամայն կորցրել էին վերահսկողությունը խաղի առանցքային հատվածում։ Նրանք չէին կարողանում դիմակայել ՊՍԺ-ի կազմակերպված և բարձր տեմպով գործող կիսապաշտպաններին։ Հատկապես նկատելի էր, որ Փարիզի թիմի կենտրոնական գիծը գերակշռում էր՝ ճշգրիտ փոխանցումներով, ակտիվ շարժումով և խաղի կառավարման հստակությամբ։

Մրցաշարի այս վճռորոշ փուլում «Ինտերի» փորձառու կիսապաշտպաններից ոմանք չկարողացան նույն մակարդակով հանդես գալ, ինչպես նախկին բարդ խաղերում։ Նրանց խաղում զգացվում էր ֆիզիկական ծանրաբեռնվածություն և արագության պակաս, ինչը թույլ չէր տալիս հավասար մրցակցություն ապահովել ավելի երիտասարդ մրցակիցների դեմ։

Մասնագետները նաև մատնանշում են տարիքային գործոնը։ ՊՍԺ-ն դաշտ դուրս եկավ ավելի երիտասարդ կազմով, ինչը մեծ առավելություն տվեց արագ խաղային սցենարների ժամանակ։ «Ինտերի» կազմում, սակայն, վետերանների ներկայությունը, որոնք նախկինում եղել են թիմի հենասյուները, այս անգամ թերություն դարձավ խաղադաշտում արագ իրավիճակներին արձագանքելու առումով։

Այս պարտությունը ընկալվում է ոչ միայն որպես մի հանդիպման անհաջող ավարտ, այլ նաև որպես ազդակ, որ թիմը կանգնած է վերակառուցման շեմին։ Հնարավոր է, որ առաջիկայում «Ինտերը» վերանայի իր խաղային ռազմավարությունը և կազմը՝ հաշվի առնելով այս պարտությունից ստացած դաժան դասերը։

Gazzetta dello Sport-ի դիտարկմամբ, սա կարող է լինել վերջի սկիզբը Մխիթարյանի և մի շարք վետերանների համար, որոնք տարիներ շարունակ կարևոր դեր են խաղացել թիմում։

 

Կիսվել սոց․ ցանցերում