Բшքվում մերժեցին Ռուբեն Վարդանյանի բողոքը՝ թողնելով առանց քննության

Բաքվի «դատարանը» մերժել է միջնորդությունը և առանց քննության թողել Արցախի նախկին պետնախարար, գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանի բողոքը: Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, այսօրվա նիստի ընթացքում Վարդանյանը դիմել է «դատարանին»՝ խնդրելով իր ընտանիքին տրամադրել «մեղադրական եզրակացության» պատճենը:

Ադրբեջանի գլխավոր դատախազի ավագ օգնական Վուսալ Ալիևը, մեկնաբանելով միջնորդությունը, հայտարարել է, թե իբր «մեղադրական ակտը» պարունակում է տեղեկություններ, որոնք «քրեական դատավարության մասնակիցների անձնական և ընտանեկան գաղտնիք են կազմում, դրանց տարածումը օրենսդրությամբ անթույլատրելի է համարվում»:

Բացի այդ, նրա խոսքով, Ադրբեջանի Քրեական դատավարության օրենսգրքով «հստակեցվել է այն անձանց ցանկը, որոնց կարող է տրվել մեղադրական ակտը և դրա պատճենը, և մեղադրյալի ընտանիքի անդամներն այդ ցուցակում ընդգրկված չեն»: Այդ կապակցությամբ նա խնդրել է չբավարարել միջնորդությունը։ «Դատավորների կոլեգիան», տեղում խորհրդակցություն անցկացնելով, որոշում է կայացրել մերժել միջնորդությունը:

Այնուհետև Վարդանյանը բողոք է ներկայացրել՝ հայտարարելով, որ առարկում է «գործը քննող դատավորների կոլեգիայի» որոշմանը, քանի որ իր ընտանիքի անդամներին մեղադրանքը չի տրամադրվել, իսկ նախորդ նիստերի ընթացքում ներկայացրած միջնորդությունները չեն բավարարվել: Փաստաբան Աբրահամ Բերմանը պաշտպանել է բողոքը։ Դատավարության մասնակից «տուժողները» «դատարանին» խնդրել են չբավարարել Վարդանյանի և նրա փաստաբանի առարկությունները: «Դատարանը» հեռացել է խորհրդակցության։ Արդյունքում, Վարդանյանի առարկությունը թողնվել է առանց քննության։

Կիսվել սոց․ ցանցերում